News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5–ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Անոնիմուսների երթի» կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը։ Նա հերքեց  այն տեղեկությունները, իբր երթի ընթացքում պայթուցիչներ են օգտագործվելու։

«Այդպիսի տեղեկություններ տարածողները դասական սադրիչներ են։ Այդ օրը լինելու է խաղաղ երթ, մեզ են միանալու բոլոր այն քաղաքացիներն, որոնք ունեն քաղաքական պահանջներ, օրինակ, ես պահանջելու եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց Շահեն Հարությունյանը։

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին  տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։

Տպել
Ամենաշատ