Ամերիկյան Powerball վիճակախաղի հերթական փուլը, որը տեղի է ունենալու չորեքշաբթի, կարող է հաղթողին բերել ռեկորդային՝ 1,5 մլրդ դոլարի շահում, գրում է տեղի մամուլը:

Վիճակախաղի կայքի փոխանցմամբ, շահելու հավանականությունը կազմում է մոտ 1/292,2 մլն: Ամերիկյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ վիճակախաղին մասնակցում են նաեւ Կանադայի եւ Չինաստանի բնակիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վիճակախաղի պայմանների համաձայն, շահում է այն մասնակիցը, ում մոտ համընկնում են 5 սպիտակ եւ մեկ կարմիր գնդակների թվերը, որոնք կոչվում են Powerball:

Powerball վիճակախաղը տեղի է ունենում ԱՄՆ 44 նահանգներում, մայրաքաղաք Վաշինգթոնում, Վիրջինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Տոմսի գինը 2-3 դոլար է:

Հաղթողը կարող է ջեքփոթն ստանալ 30 տարվա ընթացքում կամ վերցնել այն միանգամից: Երկրորդ դեպքում շահումի գումարը կնվազի եւ կհասնի 930 մլն դոլարի: