«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերներն օգոստոսի 20-ին «Վերնիսաժում» կրկին կկազմակերպեն Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին Արթուրի եղբայրը՝ Արսենը, ավարտին է հասցնում նրա կիսատ թողած գործերը, որոնք շուտով վաճառքի կհանվեն «Վերնիսաժում»:
«Արթուրի աշխատանքների պահանջարկը շատ մեծ էր, անցած անգամ գրեթե մի օրում բոլոր աշխատանքները վաճառվեցին, նորից գալիս հարցնում են՝ ուզում են անպայման Արթուրի աշխատանքներից ունենան: Որոշեցինք, ավարտին հասցնել աշխատանքները եւ նորից վաճառք կազմակերպել: Անգամ տարիքով մարդիկ էին գալիս՝ ասում գնեմ, ինչ-որ բանով օգնեմ նրան»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Հաց բերողի» ընտանիքը հրաժարվել է նրա ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված գումարից. վաճառքից ստացած գումարը փոխանցելու են հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն: «Հաց բերող» Արթուրը Սարի թաղի իր արվեստանոցում 70-ից ավելի աշխատանքներ ունի ՝ ավարտված եւ կիսաավարտ, որոնք ավարտին են հասցնելու ինքն ու Արթուրի ընկերները:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:
Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, այունեհետւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին:




























