«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել մտնել «Արմնյուզ» հեռուստաընկերության տաղավար եւ բանավիճել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:

Փաշինյանը նախատեսված ժամին` 21:50-ին ներկայացել է հեռուստաընկերության մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք:

«Այս ընթացքում տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում, թե ես Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի: Ինքն է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներին` մեզ թողնելով ֆորմատը ընտրելու ձեւը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` հավելելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանի պնդումը, թե կողմերը համաձայնության չեն եկել ֆորմատի շուրջ, չի համապատասխանում իրականությանը: «Արմնյուզ հեռուստաընկերությունը չի թողնում ինձ ներս: Կոչ եմ անում հայաստանյան հեռուստաընկերություններին ուղիղ եթեր տալ ինձ, ինչպես Ռուբեն Հայրապետյանին: Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»,- նշել է Փաշինյանը:

Նա նաեւ Արտակ Ալեքսանյանին տեղեկացրել է, որ լինելու է «Արմնյուզի» մոտ:

«Արմնյուզից» առաջարկեցին գալ եւ անցակետում միացված հեռուստացույցով լսել, թե ինչպես է հաղորդավարը Փաշինյանի գալու վերաբերյալ հարց տալու պատգամավորին: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ չի պատրաստվում հեռուստացույցով դիտել Հայրապետյանին:

Ի դեպ, հեռուստաընկերության մոտ էր ներկայացել թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանը, ով առաջարկել է բանավիճել իր հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ խնդիր չունի բանավիճել որեւէ մեկի հետ:

Նշենք, որ նույն պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հյուրը Ռուբեն Հայրապետյանն էր: Ալեքսանյանը հարցրել էր, թե Հայրապետյանը չի՞ ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին Ռուբեն Հայրապետյանն ուղիղ եթերով պատասխանել է, թե չի ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել», - «Արմնյուզի» ուղիղ եթերում ասել է Հայրապետյանը:

«Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվ գնահատելով իրենց հնարավորությունները, ուղղակի ամոթալի կերպով փախչում են բանավեճից: Ես գնահատում եմ, որ տվյալ մարդու խոսքը դադարում է արժեք ունենալուց, որովհետեւ նա հրաժարվեց բանավեճից, որի պայմաններն ինքն էր առաջարկել: Ապրիլի 12-ին Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել ճղճոցների արժեք ունեցող հայտարարություններ: Այստեղ տեղի ունեցողը կարող եք համարել իմ պատասխանը Ռուբեն Հայրապետյանի ճղճղոցներին եւ ողջ հանրապետական կուսակցությանը»,-ասել է Փաշինյանը: