News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենազգալի խնդիրը քաղաքացիների` իրենց կառավարությունը փոխելու իրավունքի, խոսքի եւ մամուլի ազատության,  նաեւ դատական անկախ իշխանության սահմանափակումն է: Այդ մասին ասվում է մարդու իրավունքների 2011թ. զեկույցում, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մայիսի 24-ին:

Զեկույցում նշվում է, որ 2011թ. ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունը թույլատրեց ընդդիմության ցույցերն ու հանրահավաքները մայրաքաղաքի նախկինում արգելված գոտիներում: 

«Բոլոր հանրահավաքներն անցել են առանց միջադեպերի, թեեւ Երեւանի սահմաններից դուրս ապրող ցուցարարների մուտքը խոչընդոտելու փորձեր եղել են»,- ասվում է զեկույցում: Նաեւ նշվում է, որ ազատ են արձակվել 6 ընդդիմադիրներ, որոնք ձերբակալվել էին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ:

«Լրատվամիջոցներում, մասնավորապես հեռուստատեսությունում, դեռ տեղ ունի քաղաքական կարծիքների բազմազանության եւ օբյեկտիվ լուսաբանման թերությունը: Կառավարությունը քրեորեն պատժելի արարքների ցանկից հանել է զրպարտությունն ու վիրավորանքը, բայց նոր, ավելի բարձր քաղաքացիական տուգանքներ է մտցրել, որոնք լրագրողներին եւ լրատվամիջոցներին ստիպում են ինքնագրաքննություն մտցնել: Անալոգայինից թվային հեռուստատեսության անցման գործընթացը նպաստել է լրատվամիջոցներում բազմակարծության թուլացմանը»,- կարծում են Պետդեպի փորձագետները:

Զեկույցում ընդգծվում են դատական համակարգի թերությունները, մասնավորապես այն փաստը, որ դատարանները գործադիր իշխանության համար մնում են քաղաքական ճնշման գործիք:

«Տարվա ընթացքում մի քանի կասկածելի մահեր են գրանցվել ոչ մարտական պայմաններում, իսկ «դեդովշչինան» եւ նորակոչիկների նկատմամբ սպաների եւ ծառայակիցների կողմից այլ նվաստացումները, նաեւ այդ գործողությունների համար պատասխանատվության բացակայությունը, նաեւ կտտանքների մասին հայտարարությունները շարունակվել են»,- նշում են զեկույցի հեղինակները:

Հիշատակվում է նաեւ բանտերի գերբեռնվածության, հակասանիտարական պայմանների եւ դատապարտյալների համար բժշկական ծառայությունների մասին:

«Հաղորդվում է, որ ոստիկանությունը ծեծել է քաղաքացիներին ձերբակալությունների եւ հարցաքննությունների ժամանակ: Իշխանությունները շարունակել են ձերբակալել եւ բերման ենթարկել կասկածյալներին առանց հիմնավոր կասկածների, բերման են ենթարկել մարդկանց իրենց ընդդիմադիր քաղաքական պատկանելության կամ քաղաքական գործունեության համար»,- նշվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ իշխանություններ սահմանափակել են դավանանքի ազատությունը որոշ խմբերի համար:

Նշվում են նաեւ հաշմանդամների հետ կապված խնդիրները: ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները ենթարկվել են վիրավորանքների եւ խտրականության զինվորականների եւ բանտային պաշտոնյաների կողմից: Նաեւ նշվում է կոռուպցիայի խնդիրը, որի դեմ իշխանությունները բավական չափով չեն պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ