News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը 30 հազար եվրո կհատկացնի ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված 3 գործերի դիմաց հատուցելու համար: Հարցը ներառված է կառավարության հունիսի 7-ի նիստի օրակարգում:

Այդ երեք գործերն են. «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (Եվրադատարանի վճիռն ընդունվել է 2011 թ. դեկտեմբերի 20-ին), «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» (այդ երկու գործերով վճիռն ընդունվել է 2012 թ. հունվարի 10-ին): Յուրաքանչյուր գործով Հայաստանը պարտավոր է վճարել 10 հազարական եվրո:

Գասպար Պողոսյանի դեմ 2007 թ. մեղադրանք է հարուցվել  խարդախության եւ գողության համար:  Ընդ որում` մինչ կալանավորվելը նա դիմել էր փախուստի: Ձերբակալվելուց հետո դիմել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանին` գրավով ազատ արձակվելու համար, սակայն դիմումը չի բավարարվել: Ըստ Եվրադատարանի` խախտվել է քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաեւ` «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան»:

Հայկ Բուխարատյանը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ է: 1998թ.  հրաժարվել է բանակ գնալ`  իր դավանանքի պատճառով:  Այնուհետեւ ժամանակավոր հեռացել է տնից` բռնի ուժով բանակ տանելու մտավախությունից ելնելով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2002 թ.: Մինչ այդ նրան խոստացել են քրեական գործ չհարուցել, եթե բանակ գնա: 2003 թ. ազատազրկվել է 2 տարով, սակայն վաղաժամկետ ազատվել է` պատիժը կրելով ընդամենը 6 ամիս: Այնուամենայնիվ` բողոք է ներկայացրել Եվրադատարան:

Աշոտ Ծատուրյանը նույնպես Եհովայի վկա է: Նա եւս հրաժարվել է ծառայել, որի համար 2003 թ. ենթարկվել է քրեական պատասխանատվության` 2 տարով: Կրկին պատիժը մինչեւ վերջ չի կրել` 5 ամիս անց դուրս է եկել բանտից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ