Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին բացվեց Microsoft-ի ՏՏ ակադեմիան: Այն գտնվում է համալսարանի 5-րդ մասնաշենքի առաջին հարկում:
Ակադեմիայի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ակադեմիայում իրականացվելու է վերապատրաստման դասընթաց՝ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար՝ Microsoft-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով, մեթոդաբանությամբ: Հատուկ դասընթացներ կկազմակերպվեն նաեւ այլ համալսարանների եւ կազմակերպությունների պատվերով: Դասընթացների տեւողությունը մոտ 1,5 ամիս է: Ըստ Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի՝ դասընթացների համար գանձվելու է սիմվոլիկ գումար: Ուսանողներից ստացված տեղեկատվության համաձայն՝ խոսք է գնում 40 հազ. դրամի մասին, թեեւ հնարավոր են նաեւ զեղչեր:
Գործնականում՝ ցանկացած ոք կարող է մասնակցել դասընթացներին, սակայն սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է քննություն հանձնել:
Նշենք, որ 2011 թ. մայիսից Ճարտարագիտական համալսարանում գործում է նաեւ Microsoft-ի ինովացիոն կենտրոնը:





























