Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանված, 76-ամյա հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանին («Դեդ Հասան») հաստատ կհուղարկավորեն Վրաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասլան Ուսոյանի եղբոր դուստրը` Կարինե Ամոյանը: Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա երեք օրերի ընթացքում: «Դեդ Հասանին» այսօր՝ հունվարի 18-ին, հրաժեշտ են տվել Մոսկվայում, որից հետո նրա աճյունը բիզնես դասի հատուկ ավիաչվերթով «Վնուկովո 3» օդանավակայանից այսօր, ժամը 18.25-ին ուղարկվել է Դոնեցկ, որից հետո՝ Վրաստան, քանի որ Մոսվայից Վրաստան հատուկ չվերթ չկա:

«Աշխարհի բոլոր անկյուններից գալիս են նրան հրաժեշտ տալու»,- ասաց քրեական հեղինակության եղբոր աղջիկը: Հարցին, թե իրենց կարծիքով ո՞վ է սպանության հիմնական պատվիրատուն, նա պատասխանեց, որ հիմնականում վրացի «օրենքով գող»՝ Տարիել Օնիանին են կասկածում, սակայն դրանք դեռեւս միայն կասկածներ են: