News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ շնորհավորելով հանդերձ, նշում է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ ինքն ընտրվել է:

Նամակում, մասնավրապես, ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:

Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրեի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչեւէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:

Ի՞նչ է դա նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ ես արշավ սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց;

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է նկատի ունենաք  խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց  ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որեւէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացրե՛ք մեզ: Ոգեւորե՛ք մեզ:

Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,

Խաղաղություն,

Սերժ Թանգյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ