Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «թիկնապահի»` Զարզանդ Նիկողոսյանի կողմից ծեծի ենթարկված եւ Կապանի հիվանդանոց տեղափոխված 43-ամյա Արմեն Վարդանյանը օրեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը:
Նա նշեց, որ վերջինիս վիճակ լավ է:
Դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, իսկ ինքնախոստովանական ցուցմունքներ տված Զարզանդ Նիկողոսյանը եւ Դավիթ Բարխուդարյանը ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է փորձաքննություն, եզրակացության արդյունքից կորոշվի` քրեական գործը որ հոդվածով հարուցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վարդանյանը: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն եւ 1976 թ. ծնված Դավիթ Բարխուդարյանը:
Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հանրությանը հայտնի է որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ: Նա մինչեւ 2011 թվականը պաշտոնապես եղել է նրա օգնականը:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Նիկողոսյանին եւ Դավիթ Բարխուդարյանին հայտնաբերելու ուղղությամբ, NEWS.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեկ՝ մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել: Զարզանդ Նիկողոսյանը հերքել էր, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- նշել էր նա:
Մեր ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշել էր նա:
Հատկանշական է, որ երբ Զարզանդ Ն.-ն տեղեկացել էր, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, նա արձագանքել էր, որ այժմ գտնվում է Կապանում եւ սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ: «Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս»,- նշել էր Զարզանդը:
Դրանից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե մարտի 27-ին Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ստորագրությամբ բաց են թողնվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաեւ Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին:




























