News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նորքի» ինֆեկցիոն կենտրոնում երեխայի մահվան մասին:

Մեզ հաջողվել է պարզել, որ 5 ամսական Ագնեսա Մովսիսյանը ապրիլի 25-ին թարախային թոքաբորբով ընդունվել է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, այդ օրն էլ մահացել է: Մինչ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել, նա գտնվել է «Մուրացան» հիվանդանոցում` կապույտ հազ ախտորոշմամբ: Մեր տեղեկություններով` երեխան ապրում էր Էրեբունի վարչական շրջանում` անապահով պայմաններում, ընտանիքի 4-րդ երեխան էր: Նա ծնվել է թերքաշ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ առողջական խնդիրներ ունենա, սակայն շնչառական խնդիրներ չի ունեցել: «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը գտնվում էր արտերկրում, չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ, իսկ փոխտնօրենը չպատասխանեց մեր հարցերին`  հորդորելով զանգել երկուշաբթի:

ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին ահազանգը ստացել են, երեխայի մոտ ի հայտ եկած թոքաբորբը կապ չունի գրիպի հետ, այժմ փորձաքննություններ են նշանակված, միայն դրա ավարտից հետո կարող են ասել, թե ինչն է եղել մահվան պատճառ:

Իսկ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քանի որ դատաբաժշկական փորձաքննություն է նշանակվել եւ իրավապահներն են զբաղվում, որեւէ գնահատական տալու իրավունք չունեն: Նա նշեց, որ նախարարին արդեն զեկուցել են դեպքի մասին, երկուշաբթի ստեղծվելու է  հանձնաժողով, որը ծառայողական քննություն կանցկացնի եւ կուսումնասիրի երեխայի բուժման ընթացքը:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե նախօրեին  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է հինգ ամսական Ագնեսան։ Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:  «Ագնեսայի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը  բողոք է ներկայացրել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:

Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ: Ոստիկանության Կենտրոնի բաժնից «Ժամանակին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Ամենաշատ
Partner news