Հայաստանը բարդ երկիր է, քանի որ 1915 թվականի իրադարձությունները խնդիրներ են առաջացրել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նրա խոսքով՝ ինքն ուղղակի ենթարկվում է ԱՄՆ նախագահին, բայց նաեւ իր խողովակներով փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ նախագահի վրա՝ 1915 թվականի իրադարձությունների ընդունման համար, հաղորդում է «Lragir.am»-ը:
Անդրադառնալով Հայաստանի զարգացման ուղղություններին, Հեֆերնը նշել է. «Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք ունենա տարբեր տարբերակներ եւ չպետք է կախված լինի մեկ տարբերակից, հետեւաբար մենք խթանում ենք, որ Հայաստանը նայի դեպի Արեւմուտք, այլ հնավարություններ գտնի այնտեղ: Մենք բնականաբար չենք փորձում փոխարինել Ռուսաստանին եւ Ռուսաստանի գործառույթներն այստեղ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի գործարար միջավայրին, նա ընդգծել է, որ այն պետք է բարելավվի, որպեսզի միջազգային ներդրումների ծավալներն աճեն: «Բիզնեսում պետք է լինի օրենքի գերակայություն, թափանցիկություն, ճիշտ մրցակցություն եւ կանխատեսելիություն: Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մենք նշում ենք, որ պետք է արդար մրցակցություն լինի, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կարողանա աշխատել: Այսօր կան որոշակի դժգոհություններ ամերիկյան բիզնեսների հետ կապված, որովհետեւ իրենք փորձում են ներմուծել, բայց պարզվում է, որ մաքսազերծումը թանկ է: Հաջորդ հարցը օրենքի գերակայությունն է, որովհետեւ եթե ինչ-որ մեկը մտնում է բիզնես ոլորտ, պետք է համոզված լինի, որ դատական համակարգը ճիշտ կվարվի եւ արդար վճիռ կկայացնի»,- նշել է դեսպանը:




























