Եգիպտոսում ծավալված իրադարձությունները չեն ազդել հայ զբոսաշրջիկների վրա, նրանք դիմում են տուրիստական գործակալություններ` իրենց հանգիստն այնտեղ կազմակերպելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դեպի Եգիպտոս տուրեր կազմակերպող գործակալություններից:
Մեզ հայտնեցին, որ Եգիպտոսի հանգստավայրերում հանդարտ, նորմալ վիճակ է, ոմանք այնտեղ տուրիստներ ունեն, ոմանց տուրիստներն արդեն վերադարձել են: Իսկ Եգիպտոսի նկատմամբ հետաքրքրությունը, տուրգործակալությունների աշխատակիցների փոխանցմամբ, պայմանավորված է զուտ ֆինանսական գործոնով, քանի որ ինչպես նկատեց աշխատակիցներից մեկը «Քոբուլեթիի գին է դարձել»:
Երկու անձը Եգիպտոսում կարող է հանգստանալ 1000 դոլարով, ըստ որում` հյուրանոցները բարձրակարգ են` հինգաստղանի, ընդգրկված է ամեն ինչ,դրան գումարվում է նաեւ ծովի գործոնը:
Այսպես, «Նավասարդ թրավելից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահի դրությամբ մեկ հայ ընտանիք է հանգստանում Եգիպտոսում, նրանց հետ կապը պահպանում են, ամեն ինչ նորմալ է: Տուրիստական ընկերությունից փոխանցեցին, որ Եգիպտոսում ծավալված քաղաքական իրադարձությունների պատճառով հետաքրքրությունը չի նվազել, ցածր գների համար նրանք նախընտրում են հանգիստն անցկացնել այնտեղ: «Ամեն տարի էլ լինում են նման բաներ,բայց տուրիստները միշտ գնում են եւ նորմալ վերադառնում»,- հայտնեցին «Նավասարդ տուրից»:
«Travelling» ընկերությունից եւս վստահեցրին, որ քաղաքական իրադարձությունների պատճառով հետաքրքրությունը Եգիպտոսի նկատմամբ չի նվազել: Ընկերությունը մայիսից շատ տուրիստներ է ուղարկել Եգիպտոս, ովքեր նորմալ վերադարձել են, օրինակ` երեկ տուրիստներ են վերադարձել եւ հուլիսի 7-ին նորից մեկնողներ կան: Նրանց փոխանցմամբ` այնտեղ, որտեղ հանգստի են մեկնում հայ զբոսաշրջիկները, հանգիստ վիճակ է: «Անթալիա չեն գնում, հիմնականում գնում են Եգիպտոս: Մինչեւ հիմա Կահիրեի իրադարձությունները չեն անդրադարձել Շարմ Էլ-Շեյխի կամ Խուրգադայի վրա»,- հայտնեցին տուրիստական ընկերությունից:
«Բոհեմաթրավելից» էլ հայտնեցին, որ այս պահին երկու հայ զբոսաշրջիկ ունեն Եգիպտոսում, երեկ նրանց հետ զրուցել են, եւ հայ զբոսաշրջիկները հայտնել են, որ շատ հանգիստ է իրենց մոտ, նորմալ վիճակ է, ոչ մի խնդիր չկա, «միգուցե քաղաքում ինչ-որ բան կատարվում է, բայց հանգստավայրերում խաղաղ վիճակ է»: Տուրգործակալությունից հայտնեցին, որ դիմողներ են եղել Եգիպտոսում հանգիստը կազմակերպելու համար, բայց առայժմ սպասողական վիճակում են: «Եթե վստահ լինենք, որ ամեն ինչ նորմալ է, կուղարկենք, դեռ նրանց մեկնելու օրը չի մոտենում, տեսնենք` մինչեւ այդ ինչ կլինի, կմտածենք: Այսօր ամենամատչելի հանգստավայրերից մեկը Եգիպտոսն է, բոլորն էլ ցանկանում են գնալ, քանի որ հինգաստղանի հյուրանոցներ են` all-inclusive: Հանգստավայրերում խնդիրներ չեն լինում, օրինակ` Անթալիայում էլի իրադարձություններ էին, բայց հանգստավայրերում մեր տուրիստները շատ հանգիստ էին»,- հայտնեցին «Բոհեմաթրավելից»:
«Ավա տուրից» NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Եգիպտոսում հանգստացող չունեն, երկու օր առաջ զբոսաշրջիկները վերադարձել են: Նրանց փոխանցմամբ` մարդիկ դիմում են Եգիպտոս մեկնելու համար, սակայն իրենք մերժում են, չեն կազմակերպում, փոխարենը առաջարկում են այլ ուղղություններ: Տուրիստական գործակալությունից փոխանցեցին, որ ֆինանսական առումով Եգիպտոսը շատ շահավետ է դարձել, բայց եթե նույնիսկ հանգստավայրերում հանդարտ վիճակ է, ամեն դեպքում ապահովությունից եւ անվտանգությունից ելնելով զբոսաշրջիկ չեն ուղարկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը: Հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ երկրի Սահմանադրությունը անվավեր հայտարարել: Մուրսին իր Թվիթերում գրել էր, որ «զինված ուժերի հայտարարություններն անընդունելի են բոլոր ազատ մարդկանց համար, որնք պայքարել են հանուն Եգիպտոսի ժողովրդավարության»: Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 3-ի ուշ երեկոյան նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսվում է հուլիսի 4-ին:





























