Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանը հուլիսի 2-ից գտնվում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում եւ բուժումներ է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանի հայրը` Վաղինակ Սարգսյանը:
Նա նշեց, որ վերջինս այժմ մերսումներ, ֆիզիոթերապիայի կուրսեր է անցնում, առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա: «Արդյունքները արագ չեն երեւում, որոշակի դրական տեղաշարժ կա, ժամանակ է պետք, որ ուղեղի վնասված մասը վերականգնվի»,- ասաց հայրը;
Վաղինակ Սարգսյանը նշեց, որ դեռ հայտնի չէ` ինչքան կմնա Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, ուղեգիրը 15 օրվա համար է, բայց Պաշտպանության նախարարությունից վստահեցրել են, որ բուժումը կշարունակվի այնքան, ինչքան անհրաժեշտ է: «Ինքը դեռ ոչինչ չի հիշում, ուղղակի ինտերնետից իմացել է, թե ինչ է պատահել, բայց ոչինչ չի հիշում»,- ասաց Վաղինակ Սարգսյանը:
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված է, ունի հիշողության կորուստ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել էին նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք էր սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել էին նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման էին գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր էին ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել էին զինվորի հարազատների հետ: Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել էին նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























