NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից Հանրապետության հրապարկում փուչիկներ վաճառողին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հուլիսի 16-ին ժամը  23.45-ին մի քաղաքացի է զանգել եւ ասել, որ հրապարակում ծեծի են ենթարկել փուչիկ ծախող մի քաղաքացու: Մեկնած խմբին հաղորդել են, որ 23.00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում առեւտրի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, Արման Ե-ն ձեռքով հարվածել է 25-ամյա Արսեն Ս-ի գլխին: Ոստիկանությունը ահազանգ ստացել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ Արսեն Ս-ն վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ` բուժօգնություն ստանալու նպատակով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ Արման Ե-ն հրավիրվել է բաժին, բացատրություն տվել, իսկ տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում ծեծել է փուչիկներ վաճառողին: «Նա ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է:

Նշենք միջադեպից հետո, երբ առեւտրականները աղմուկ են բարձրացրել ոստիկանները մոտեցել են նրանց եւ իմանալով, որ Արման Եդոյանն է խփել երեխային, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նշենք, որ փուչիկ վաճառող երեխան երկկողմանի ծնողազուրկ է»,- գրում է «Ժամանակը»: