News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դրանք խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի թանկացումից հետո սկիզբ առաջ շարժմանը, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցի փաստին, նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

«Կարծում եմ, որ բավականին անլուրջ շարժում է, քանի որ այն մոտեցումը, որ քաղաքապետը ցույց տվեց եւ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամից իջեցրեց նորից 100 դրամ` թողնելով ժամանակահատված, որ մենք կարողանանք իսկապես լուրջ քննարկել այդ հարցը, քանի որ քաղաքապետարանն էլ է քննարկել շատ երկար, որպես Ֆինանսական հանձնաժողովի նախագահ, այդ սակագինը, իհարկե, ավելի ցածր է,քան թե պետք է լիներ, 150 դրամի մասին եմ խոսում»,- ասաց Նաիրա Նահապետյանը:

Նա նշեց, որ քաղաքապետը խոստացել է հանձնաժողով ստեղծել, բայց արդեն 15-20 օր է` սպասում են ակտիվիստների մոտեցումներին. որ «գան, ինչ-որ մարդ ընտրեն իրենց մեջից, համալրեն այդ հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի եւ լուրջ աշխատանքային բնույթ ստանա այս ամեն ինչը, սակայն  իրենց պահվածքը, իրենց կապիկությունները, իրենց անտարբերությունը պետական մարմինների նկատմամբ, վիրավորանքները, որ ներքեւից գոռում են, ուղղակի դա անհեթեթություն է եւ ոչ մի լուրջ մոտեցում չի կարող ցույց տալ այդ հավաքներին»: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ ակտիվիստներ են, որոնք որ կարող են իսկապես պայքարել ինչ-որ գործի համար, եթե մարդ ուզում է մի գործի համար պայքարել, ամեն ինչ անում է: Երբ քաղաքապետը իրենց հրավիրեց բանակցելու սեղանի շուրջ, իրենցից ոչ ոք չբանակցեցին, դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես ասելիք չունեն: Մենք ուզում ենք ստեղծել հանձնաժողով, որ իրենք գան համալրեն հ/կ-ներով, մասնակցություն ունենան, իրենց մոտեցումները, կարծիքները ցույց տան: Ոչ մի մոտեցում, ոչ մի կարծիք ցույց չեն տալիս, ի՞նչ է նշանակում  պահանջել վարչության պետի հրաժարականը, ինքը ծառայող է, արհամարհական մոտեցում իրեն, կոպեկներ շպրտելով, ես կարծում եմ, որ դա խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: Մենք ընտրված ավագանի ենք, ի՞նչի ենք իրենք մտածում, որ այդ կապիկություններով երեւանցուն կարող է օգուտ բերեն»,- ասաց ավագանու անդամը` շեշտելով, որ իրենք բավականին լուրջ են տրամադրված, իսկ ակտիվիստները  ոչ ճիշտ ուղու վրա են:

ՀՀԿ անդամը վստահ է, որ ակտիվիստներին ինչ-որ մեկը ուղղորդում է, եւ «այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ մարդկանց թիկունքին, պետք է ականջին օղ անեն, որ այդպիսի ուղղվածությունուվ ոչ մի բանի չեն հասնի»: «Եթե ինքը խելահաս է եւ իրեն ասում են արի նստի բանակցենք, տեսնենք ինչ հարց ես բարձրացնում, բանականություն ունեցող մարդը նստում եւ բանակցում է, ոչ թե ձեն չի հանում, փախչում է կամ փորձում է կլոունություն անել»,- ասաց նա:

Նաիրա Նահապետյանը, սակայն, չմանրամասնեց, թե, իր կարծիքով, ակտիվիստներին ուղղորդում են Հայաստանից, թե արտերկրից:  Նրա խոսքով` «եթե դա Հայաստանից չէ, մեզ համար ավելի անպատվաբեր է, որ դրսի մարդը կարող է գալ ուղղորդող լինել, համարյա մեկ ամիս քաղաքապետարանի նորմալ, բնականոն աշխատանքը հանել հունից դուրս, եթե տեղացիներն են, ավելի վատ, որ ունենք այդպիսի շատ անհաջող երիտասարդություն, որ կարող է  պետական պաշտոնյաների վրա կոպեկներ շպրտել, կամ ինչ-որ կապիկություններ անել, գոռալ, ասել արի խաղ անենք». «Երկու դեպքում էլ կարծում եմ շատ տհաճ մթնոլորտի մեջ ենք ընկել, ճիշտ կլիներ այն մարդկանց, որոնք իրենք լսում են, հավաքվեինք եւ դուրս գային այնտեղից, այդպես չի կարելի շարունակել»:

Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ է` «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ