Տաջիկ վտարանդի ընդդիմադիր Դոդոջոն Աթովուլոեւը կրկին ձերբակալվել է: Այս անգամ` Թբիլիսիի օդանավակայանում:
 «Ինձ հայտնեցին, որ Ինտերպոլի հարցմամբ են ձերբակալել: Իբրեւ թե ես Տաջիկստանի իշխանությունների կողմից ծայրահեղականության եւ ահաբեկչության մեջ եմ մեղադրվում: Ես հաղորդեցի, թե ով եմ… Ոնց որ թե համոզեցի, որ ինձ քաղաքականն դրդապատճառներով են հետապնդում», - պատմել է ընդդիմադիրը «Ազիա-Պլյուսին»` հավելելով, որ շուտափույթ ազատման հույս ունի:

Ընդդիմադիրը Թբիլիսի էր ժամանել Պրահայից` համախոհների հետ հանդիպման: Նա բացատրել է, որ հանդիպումը պետք է կայանար կամ Ուկրաինայում, կամ Թուրքիայում,  կամ Վրաստանում: Ընտրվել է Վրաստանը` որպես «ամենաժողովրդավար»: «Եթե Վրաստանն ինձ կալանավորի, դա բիծ կթողնի վրացական երիտասարդ ժողովրդավարության վրա», - զգուշացրել է ընդդիմադիրը:

Հուլիսին Աթովուլոեւը ձերբակալվել էր Շերեւմետեւո օդանավակայանում` դարձյալ Պրահայից ժամանելիս, սակայն շուտով նրան թույլատրել էին Չեխիա վերադառնալ:

Մոսկովյան օդանավակայանում տաջիկ ընդդիմադրի են ձերբակալել

 Հայրենիքում Աթովուլոեւի նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել դեռեւս 2000-ական թվականներին (նրան մեղադրել էին նախագահին անարգելու եւ իշխանափոխության կոչեր անելու մեջ): Տաջիկստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին, որտեղ բնակվում էր ընդդիմադիրը, եւ խնդրել արտահանձնել նրան, սակայն խնդրանքը չէր բավարարվել:

Աթովուլոեւը Տաջիսկտանից հեռացել էր 1990-ականների սկզբին: Նա հաստատվել էր Մոսկվայում, չնայած որ ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտերկիր: 2012թ սկզբին Աթովուլոեւի դեմ Մոսկվայում մահափորձ էր կատարվել: Անհայտ անձը մի քանի անգամ դանակահարել էր նրան: