NEWS.am-ը զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանի հետ.

Պրն Խալիկյան, ի՞նչ վիճակում է գազալցակայաններում բաշխիչ աշտարակների տեղադրման գործընթացը:

ԱԳԼՃԿ-երում վերջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ իրականացվել են 2012 թ.; Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանձնարարությամբ ողջ Հայաստանի տարածքում մոնիտորինգ անցկացրինք՝ պարզելու, թե ինչ ընթացքում է բաշխիչ աշտարակների տեղադրման գործընթացը: Մոնիտորինգն ավարտվել է, հիմա ամփոփում ենք արդյունքները: Նախնական տվյալներով կարող եմ միայն ասել, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակն էապես փոխվել է: Եթե նախկինում ասում էինք, որ Երեւանի գազալցակայանների 90%-ը բաշխիչ աշտարակ չի դրել, ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ 90%-ում տեղադրման աշխատանքներն ընթանում են կամ ավարտվել են: Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ անցյալ տարի որոշ կազմակերպություններ կեղծ պայմանագրեր են ցույց տվել բաշխիչ աշտարակների տեղադրման մասին: Արդյունքների մասին կզեկուցենք էկոնոմիկայի նախարարին, որից հետո որոշում կընդունվի կասեցնել այն ԱԳԼՃԿ-երի գործունեությունը, որոնք բաշխիչ աշտարակներ չեն տեղադրում:

Վերջերս շատ են խոսում այն մասին, որ խոշոր օլիգարխների գազալցակայաններում չեն տեղադրում աշտարակներ:

Բոլոր այն ընկերություններում, որոնք գազալցակայանների ցանց ունեն (1-ից ավելի կետ) ներկայում ընթանում են տեղադրման աշխատանքները, կարծում եմ՝ մինչեւ մոնիտորինգի ավարտը գործընթացը կավարտվի:

Օրերս «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ լվացող, մաքրող միջոցների շուկայում ապրանքնրը վաճառվում են առանց հայերեն մակնշման:

Մեր տեսչությունը մշտապես վերահսկում է այդ շուկան: Ավելին՝ կառավարությունն ավելացրել է մեզ հատկացվող գումարները՝  փոձանմուշներ գնելու եւ լաբորատոր ստուգում իրականացնելու համար: Այս տարի ոչ մի վտանգավոր դեպք չի գրանցվել՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ մենք մի քանի խմբաքանակ հանեցինք շուկայից եւ ոչնչացրինք: Դա ազդանշան էր տնտեսվարողների համար՝ դրանից հետո զգալի ավելացավ սերտիֆիկատ ստացող կազմակերպությունների քանակը: Վերջին 2 ամսում ստուգել ենք մաքրող, լվացող միջոցներ ներկրող 18 կազմակերպությոնների, որից 16-ում հայտնաբերել ենք խախտումներ՝ թերի հայերեն մակնշում, կամ սերտիֆիկատի բացակայություն: Բոլոր այդ կազմակերպությունների նկատմամբ կիրառել ենք պատժամիջոցներ:

Նշեմ, որ մենք շատ սերտ համագործակցում ենք որոշ հասարակական կազմակերպությունների հետ՝ «Հայ կանայք հանուն առողջության», «Սպառողների միություն» եւ այլն; Եթե նրանց կողմից ստանում ենք որեւէ ահազանգ, անմիջապես արձագանքում ենք; Ցավոք, կան կազմակերպություններ, որոնք ինչ-որ դիվիդենտներ ստանալու համար հայտարարում են, որ շուկայի վերահսկողության տեսչությունը վատ է աշխատում, ինչը, մեղմ ասած, հեռու է իրականությունից: 

Ասվել է նաեւ, որ կոսմետիկ միջոցների շուկան ընդհանրապես չի վերահսկվում:

Մենք կոսմետիկ միւջոցների շուկայում վերահսկողություն չենք իրականացնում, քանի որ այդ ապրանքները չունեն տեխնիկական կանոնակարգ: Սակայն եթե լինեն բողոքներ՝ անպայման լաբորատոր ստուգումներ կանցկացնենք, ու առողջության համար վտանգավոր բոլոր ապրանքները կհանենք շուկայից: Ինչ վերաբերում է տեխնիկական կանոնակարգին, ապա, որքան տեղյակ եմ, ստանդարտների ազգային ինստիտուտը մշակում է նման փաստաթուղթ: Տեխնիկական կանոնակարգի առկայության դեպքում մենք ի վիճակի կլինենք այդ շուկայի արդյունավետ հսկողություն իրականացնել:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը