Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին տխրեցրել է պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը։ Ավելին, քարոզարշավը ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում։

«Ես չէի պատկերացնում, որ սեւ PR կլինի եւ մեղադրանքներ կշպրտվեն, որոնք չեն ունենա հիմնավորում կամ մեղադրանքներ կներկայացվեն, որոնք կլինեն հիմնազուրկ, կամ մեղադրանքներ կներկայացվեն, որոնք ուղղակի տրամաբանական չեն լինի։ Ինչպե՞ս կարելի է, օրինակ, թվաբանություն անել եւ ասել, որ պալատին տրամադրվել է 260 միլիոն դրամ եւ փաստաբանների թիվը 32-ն է, բայց շփոթել, որ 32-ի դեպքում եղել է 182 միլիոն: Միայն այս տարի է, որ 260 միլիոն է, բայց այս տարի էլ ոչ թե 32, այլ 50 փաստաբան է: Ախր թվաբանության մեջ էլ մի քիչ ճշգրիտ եղիր»,- թեկնածուներից մեկի կողմից իրեն հնչեցված մեղադրանքներից մեկին այսպես հակադարձեց Ռուբեն Սահակյանը։

Նա պատասխանեց նաեւ մյուս մեղադրանքին, թե պալատը ծառայել է իրեն։ «Կամ ասում են պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին, դու էլ ես պալատի անդամ, Կրոմվել Գրիգորյան, դո՞ւ էլ ես ծառայել Սահակյանին, եթե բոլորը «ծառայել են» Ռուբեն Սահակյանին, ուրեմն վստահել են, որ ծառայել են։ Նրանք չեն ծառայել, համատեղ ենք աշխատել»,- նշեց Փաստաբանների պալատի նախագահը։

Մյուս մեղադրանքը, թե գործուղումներին Ռուբեն Սահակյանը տանում է յուրայիններին, փաստաբանը չի ժխտում, բայց հավելում է, որ նախ, այդ գործուղումները քիչ են լինում, հաճախ հրավիրողներն են անուն, ազգանուն ներկայացնում, եւ ընդամենը մեկ դեպք է եղել, երբ 29 հոգի պետք է գնար գործուղման, այդ ժամանակը ինքը դիմել էր մի շարք փաստաբանական գրասենյակների։  «Երբեմն ինձ մեղադրում են,  որ դու գործուղումներում յուրայիններիդ ես ուղարկել, այո, ճիշտ է դա, բայց բացատրեմ ինչու, յուրայինները ինձ օգնում են, չէ՞, աշխատանքում: Յուրայինը պետք է գնա: Կրոմվել, դու քանի՞ անգամ ես մտել այստեղ, Տիգրան, դո՞ւ քանի անգամ ես մտել, բա Լուսինեն գիշեր-ցերեկ քրեական դատավարության օրենսգրքի վրա է աշխատում, պատկերացնո՞ւմ եք ինչ տաժանակիր աշխատանք է, քրդատը կարդում է, սխալների համար գրավոր գրում, ներկայացնում,  գնում, մասնակցում նիստերին, պատերազմում, հետո նորից նստում նույնը կարդում, բա ի՞նչ, Լուսինեին չտանե՞մ գործուղման, եթե այդ հնարավորությունը կա»,- ասաց Ռուբեն Սահակյանը։

Նա շեշտեց, որ քարոզարշավի ընթացքն իրեն տխրեցրել է, նման բան չէր սպասում. «Մարդիկ ինձ հետ կողք կողքի աշխատել են 8 տարի, Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ երկու անգամ ինքը ինձ է ընտրել: Չորս տարի տեսար լավ չեմ աշխատում, չընտրեիր։ Կամ գալիս ջերմ բարեւում ես ինձ, մի հատ ասա Ռուբեն Արամիչ, դու իմ ավագ ընկերն ես, սնեց բաներ մի արա էլի»,- նշեց Ռուբեն Սահակյանը։

Իսկ թե ինչն է այս ամենի պատճառը, որ նույնիսկ փաստաբանների քարոզարշավն է փոխադարձ մեղադրանքներով ընթանում, նա ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց։ «Ասենք Կրոմվել Գրիգորյանը ինչ-որ տեղ հանիրավի ինձնից նեղանալու իրավունք ունի, որովհետեւ բազմիցս կարգապահական վարույթ ենք հարուցել իր նկատմամբ, բայց Աթանեսյան, եւ դո՞ւ, Բրուտոս»,-նշեց նա։

Ռուբեն Սահակյանը Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին առաջադրել է պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի թեկնածությունը։ Նա վստահ է, որ հենց իր թեկնածուն կընտրվի պալատի նախագահ, անկանխատեսելի արդյունքներ չեն լինի: «Նա արժանի է, եւ կարող է, որովհետեւ նա յոթ տարի շարունակ եղել է պալատի նախագահի տեղակալը, նստած է եղել իմ աջ թեւից, նա մասնակից է պալատի կողմից ընդունված բոլոր ներքին իրավական ակտերին, զանազան տեսակի միջոցառումների կազմակերպիչ եւ մասնակից է: Պալատը լավ գիտի դրսից եւ ներսից, բոլոր կապերը գիտի: Այսինքն՝ միանգամից կլծվի աշխատանքի, կկարողանա անել այն, ինչ պլանավորել ենք»։ Ռուբեն Սահակյանը շեշտեց, որ դեռ լիքը աշխատանք կա անելու, «մենք ընդունել ենք ավգյան ախոռ, կամաց-կամաց մաքրել ենք, հասել ենք այսօրվա վիճակին եւ ունենք լիքը աշխատանքներ կատարելու»։

Փաստաբանը կանխատեսեց նաեւ Արա Զոհրաբյանի ստանալիք ձայների քանակը՝ 650 քվե։ Ավելին, նրանք մի թղթի վրա գրել են թեկնածուների ձայները եւ սպասելու են ընտրությունների արդյունքներին, որպեսզի տեսնեն, թե ում կանխատեսումը կիրականա, իսկ այդ գումարով էլ պալատի անդամներով մի բան կպատվիրեն եւ կնշեն։

Պաշտոնը լքելուց  առաջ Ռուբեն Սահակյանը չի տխրում, կմնա Փաստաբանների պալատի անդամ, սովորական փաստաբան։ «Վաղուց պատրաստվել եմ այս օրվան, գիտեք, ես պաշտոնամոլ չեմ եղել երբեք, տասնյակ անգամ խորհուրդը փորձել է փաստաբանության ասպետի կոչում շնորհել, ես ինքս խորհրդի հետ միասին տասնյակ մարդկանց շնորհել եմ, բայց ասել եմ հանեք ինձ ցուցակից չեմ ուզում, ինչիս է պետք»,- նշեց նա։

Հետհայացք նետելով իր գործունեությանը՝ Ռուբեն Սահակյանը մատնանշում է նաեւ թերացումները։ «Որակավորման քննությունները դարձրեցինք թափանցիկ, բայց որակը տուժեց, այլ տարբերակ ուղղակի չգտանք: Արեցինք այնպես, որ ոչ-ոք չկարողանա քննությունը հանձնել հովանավորչության միջոցով, եթե ինձ Աստված խնդրեր եւ ասեր, որ Ռուբեն օգնիր այս Ադամին կամ Եվային քննություններին, ես կասեի ձեւը ցույց տուր, տարբերակը ցույց տուր, կօգնեմ, բայց դրա հետ մեկտեղ որակը տուժեց: Ավելի լավ է որակը տուժի, քան կոռուպցիոն ռիսկերը մեծ լինեն կամ ընդհանրապես լինեն»,- նշեց նա։

Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերի 14-ին: Կառույցի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանն ու Աշոտ Թադեւոսյանը:

Ինգա Մարտինյան