Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 19-ին Գրուշեվսկի փողոցի շրջանում ծագած անկարգությունների չորս ակտիվ մասնակցի: Այդ մասին հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ավելի վաղ հաղորդում էին, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Կիեւի գլխավոր վարչությունը քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների փաստի առթիվ հարուցել է քրեական գործ:
Գործը հարուցվել է զանգվածային անկարգությունների մասին հոդվածի համաձայն, որը նախատեսում է պատիժ մինչեւ 15 տարի ազատազրկման տեսքով:ՆԳՆ-ում նաեւ հաղորդել են, որ Գրուշեւսկի փողոցի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժել է նվազագույնը 30 մարդ: Ավելի քան 10-ը հայտնվել են հիվանդանոցում, ընդ որում չորսի վիճակը գնահատվում է ծանր:Չճշտված տեղեկությունների համաձայն՝ բժշկի նվազագույնը դիմել է 3 քաղաքացի: «Կարմիր խաչի» ներկայացուցիչները «ЛІГАБізнесІнформ»-ին հաղորդել են, որ երկու կողմից տուժել են «տասնյակ մարդիկ»: Շրջափակումից պարբերաբար դուրս են բերում տուժածների, երբեմն պատգարակի վրա, հստակեցնում է գործակալության թղթակիցը:Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին կոչ է արել բողոքի ակցիաներին մասնակից ուկրաինացիներին չսրել դրությունը:
Այդ մասին Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավարը գրել է Facebook-ում:«Մենք կոչ ենք անում մարդկանց չսրել իրավիճակը, որն առանց այդ էլ ծանր է ու վտանգավոր: Իրավապահների վրա հարձակումները փաստարկ կարող են ծառայել նրանց համար, ովքեր կողմ չեն ճգնաժամը քաղաքական եղանակով լուծելուն»,- նշել է Տոմբինսկին իր հայտարարության մեջ:



























