Ձեռքը մսաղացի մեջ մնացած 4-ամյա աղջնակի վիրահատությունը բարեհաջող է անցել, կատարվել է անոթների միկրովիրաբուժական վերականգնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլա Դալլաքյանը:
«Աշխատել ենք պահպանել բոլոր մատները, ինչպես նաեւ անոթներն ենք վերականգնել: Հետվիրահատական շրջանը ցույց կտա հետագա ընթացքը»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն էլ նշեց, որ պետք է առաջիկայում ուշադիր լինել, որ հանկարծ հեղուկ չհավաքվի:
«Առայժմ չեմ կարող ասել, թե հետագայում ինչքանով կկարողանա օգտագործել այդ ձեռքը, դա պարզ կլինի նրա ապաքինման ընթացքից: Մի քանի օր պետք է, որ այտուցը իջնի, շյուղերը հանեն, ընթացքից կերեւա՝ ձեռքը որքանով կօգտագործի, նորից վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե ոչ»,-ասաց Աննա Չոբանյանը:
Նշենք, որ փոքրիկն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:





























