«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսօր՝ մարտի 23-ին, նիստ է արել, որին չի մասնակցել պատգամավոր, ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը:Իսկ թե ինչու նա չի մասնակցել նիստին, պատգամավորն ասաց, որ որեւէ մեկնաբանություն չունի: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ վաղը Աժ հայտարարությունների ժամին հայտարարություն կանի, բայց չմանրամասնեց, թե ինչի վերաբերյալ: «Քանիցս խնդրել եմ առաջ չընկնել, կանխատեսումներ չանել, ամեն բան կտեղեկացվի գործունեությանս հետ կապված քայլերիս զուգընթաց»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցության նիստին, որտեղ ընտրել էին ղեկավար եւ քարտուղար, դրանից առաջ էլ նա չէր մասնակցել ԲՀԿ-ականների խնջույքին: Նա նշել էր, որ նիստին չի մասնակցել նպատակահարմարությունից ելնելով, չէր մասնակցել նաեւ օրեր առաջ տեղի ունեցած խնջույին: Պատգամավորը հայտարարել էր, որ դա քաղաքական միջոցառում չէ, հետեւաբար դրա հետ կապված հարցը տեղին չէ, արդիական չէ եւ որեւէ մեկին վերաբերող չէ: Այնուհետեւ Տիգրան Ուրիխանյանը հաստատել էր, որ նախաձեռնել է «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպության ստեղծում, որի հիմնադիր համագումարը կլինի մայիսի 2-ին: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի գործունեությանը, ասել էր, թե «մենք կշարունակենք հետեւել Տիգրան Ուրիխանյանի գործողություներին եւ քայլերին, անհրաժեշտ պահին վստահ եղեք, որ ԲՀԿ-ն Ուրիխանյանի մասով կուսակցության կանոնադրությանն ու օրենքներին համապատասխան իր որոշումը կկայացնի»:





























