News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Eater պորտալն անդրադարձել է հայկական խոհանոցի ու ԱՄՆ-ում հայկական ռեստորանների վրա։

Հոդվածագրերը նշում են, որ հայերը զարմանալի ժողովուրդ են, նրանք ամենուրեք են, իսկ հայկական խոհանոցը նույնքան հին է, որքան նրանց պատմությունը, որքան հողը, որի վրա այն ձեւավորվել է։ Հայերը շատ հյուրասեր ժողովուրդ են, ու եթե նրանք մեկ սեղանի շուրջ են նստում օտար մարդու հետ ու նրա հետ հաց կիսում, ուրեմն նա արդեն օտար չի համարվում։

Ինչ վերաբերում է հայկական ուտեստներին, ապա դրանք հիասքանչ են։ Հոլիվուդի առեւտրի կենտրոնում կարելի է զգալ հայկական սուջուխի, բաստուրմայի խենթացնող հոտը ու նույնիսկ թան խմել։ Այդտեղից ոչ հեռու կարելի է տեսնել, թե ինչպես են մի խումբ կանայք փռում կարկանդակ թխում, ձեռքով այն լցոնելով մսով ու կարտոֆիլով, մոտակայքում նաեւ շաուրմա են վաճառում։ Քաղաքի մյուս ծայրում, մեկ այլ հայկական ռեստորանում կարելի է համտեսել լյուլյա քեբաբ։

Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են բյուզանդացիների, հռոմեացիների, թուրքերի, պարսիկների, ռուսների տիրապետության տակ։ Նրանք նաեւ աշխարհով մեկ են սփռվել պատերազմների, հեղափոխության ու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատճառով, որի ժամանակ սպանվել էր 1․5 մլն հայ, ու «նրանց ուտելիքից կարելի է հասկանալ, թե ինչերի միջով են նրանք անցել»։

Քանի որ հայկական սփյուռքը շատ մեծ է, յուրաքանչյուր հայկական համայնք, կախված երկրից, որտեղից նրանք եկել են, ունի իր բարբառը, իր մշակութային առանձնահատկությունները ու ուտելիքի հարցում իր ավանդույթները։ Օրինակ լեվանտացի հայերը լամաջո են պատրաստում, պարսկահայերն իրենց հետ բերել են բրինձը ընկույզով ու չրերով պատրաստելու ավանդույթը, իսկ Խորհրդային միությունում ապրած հայերը պատրաստում են խաշ ու թրթնջուկ։

Հազարավոր հայեր Ամերիկա են տեղափոխվել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին՝ բնակություն հաստատելով Բոստոնում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում, Գլենդեյլում։ Հայ ներգաղթականները, որոնցից շատերը գյուղացիներ էին, ի վերջո բնակություն են հաստատել Քալիֆորնիայում, մասնավորապես Ֆրեզնոյում, որտեղ չոր կլիման ու հողը նրանց հիշեցնում էին կորուսյալ հայրենիքի մասին։ Հենց այստեղ է հեղափոխական խոհարար Ջորջ Մարդիկյանը, որը 30-ականներին բացել էր «Օմար Հայամ» հանրահայտ ռեստորանը, ապաստան գտել Ցեղասպանությունից փախչելուց հետո։

Հայկական բնակչության բազմազանությունը բարդացրել է հայկական ուտելիքի սահմանների որոշման հարցը ՝ թե հայկական համայնքում, թե դրա սահմաններից դուրս։ Այն ինչ Հայաստանի հայն է իր խոհանոցին հարազատ ուտեստ համարում՝ կարող է խորթ լինել սփյուռքահայի համար։

«Հայկական սեղանը, որը կոտրվում էր ուտելիքի առատությունից, անկասկած մեծ դեր է կատարել հայ ժողովրդի միավորման գործում։ Ուտելիքը դարձել է ծիսակարգ, որը վառ է պահում է հիշողություններն ու ավանդույթները»,- ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ