Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մերժեց փոփոխել գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի` «Նորատուսցի Ալիկի», խափանման միջոց կալանավորումը:
Կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրել էր Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ որպես հիմնավորում նշելով իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը: Նշենք, որ «Նորատուսցի Ալիկը» դատարան էր բերվել անվասայլակով:
Այնուհետեւ Բանդուրյանի պաշտպանները միջնորդեց վերացնել տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը: Պաշտպաններից Լուսինե Ավագյանը հիշեցրեց, որ դեռեւս մայիսին քննիչը վերացրել էր արգելանքը, սակայն շուրջ 20 օր անց դատախազը վերացրել էր քննիչի այդ որոշումը:
«11 ամիս է՝ իմ պաշտպանյալը զրկված է իր մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքից, նույնիսկ հեռախոսով չի կարողանում նրանց հետ խոսել, թույլատրված է միայն տեսակցությունները նրա անչափահաս որդու հետ»,- ասաց Լուսինե Ավագյանը:
Մեղադրողներից Գեւորգ Գեւորգյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն հիմնազուրկ է:
«Գործում առկա են ապացույցներ, որ Ալիկ Բանդուրյանն ապօրինի ազդեցություններ է ունեցել Պետրոս Իսրայելյանի վրա եւ նրա միջոցով էլ արդեն ականատես վկաների վրա, հետեւաբար, տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը հանելու միջնորդությունը ենթակա է ամբողջությամբ մերժման»,- ասաց մեղադրողը:
Պաշտպաններից Երեմ Սարգսյանը հակադարձեց՝ այն ժամանակահատվածում, երբ արգելանքը վերացված է եղել, որեւէ ապօրինի գործողություն Բանդուրյանը չի կատարել, արգելված իր չի փոխանցել:
«Ինչո՞ւ 20 օր անց եք վերացրել արգելանքը»,- մեղադրողին դիմեց Երեմ Սարգսյանը:
Գեւորգ Գեւորգյանը պատասխանեց, որ ինքն արգելանքը վերացրել է անմիջապես, երբ ստացել է քննիչի որոշումը:
Տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդություն ներկայացրեց նաեւ ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նրա գնահատմամբ, դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի Իսրայելյանների նկատմամբ եւ այդ է պատճառը, որ դրված է արգելանք:
«Եվ Բանդուրյանի, եւ Իսրայելյանի վերաբերյալ կայացրած որոշումները տառացիորեն նույնն են, այսինքն դատախազը խնդիր է ունեցել ամեն կերպ արգելել տեսակցել մերձավոր ազգականների հետ: Դատախազն ասում է՝ այս գործով կա անջատված մաս, դրա համար Իսրայելյանի տեսակցությունների վրա արգելանքը պետք է մնա, բայց ի՞նչ կապ ունի իմ պաշտպանյալն այդ անջատված մասի հետ: Նա որեւէ դատավարական կարգավիճակ չունի»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց նշված միջնորդությունների լուծմանն անդրադառնալ հաջորդ դատական նիստը:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 25-ին:
Նշենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր արգելեց տեսանկարահանում եւ լուսանկարահանում իրականացնել` հաշվի առնելով ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների ցանկությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:




























