Ճապոնիայում հայտարարվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի լռության րոպե, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամբողջ երկրում լռության րոպեի մոտենալու մասին հայտնել են ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, փողոցներում տեղադրված բարձրախոսներով եւ տեղական իշխանության ավտոմեքենաներից: Լռության րոպեով էլ սկսվել է տարերային աղետի զոհերի հիշատակի արարողությունը, որը բացվել է Տոկիոյում՝ կայսերական ընտանիքի, կառավարության անդամների եւ խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ:

Ուղիղ 7 տարի առաջ՝ 2011 թվականի մարտի 11-ին, Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանները ցնցվել էին 9,0 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետեւանքով, որը ստացել է Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժ անվանումը: Գիտնականների կարծիքով՝ նման հզորության տարերային աղետի հավանականությունը 600 տարին մեկ է լինում:

Վերջին տեղեկություններով՝ 12 պրեֆեկտուրաներում զոհերի թիվը կազմել է 15 հազար 895 մարդ: Ըստ որում՝ զոհվածների մոտ 93 տոկոսը եղել է հենց ցունամիի հետեւանքով, այլ ոչ թե ստորգետնյա ցնցումների: Մինչ օրս 6 պրեֆեկտուրաներում անհայտ կորած է համարվում 2 հազար 539 մարդ: Մինչեւ հիմա մոտ 30 հազար մարդ ստիպված է ապրել ժամանակավոր կացարաններում: Նրանցից մոտ 40 տոկոսը տարեց մարդիկ են:

Ստորգետնյա ցնցումներին հաջորդել է ափի վրա փլուզվող ցունամիի 14-մետրանոց ալիքը, որը ջրածածկ է արել «ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի 6 էներգաբլոկներից 4-ը:
Վթարի ժամանակ տեղի են ունեցել ջուր եւ մթնոլորտ ճառագայթման բազմակի արտանետումներ, մինչեւ հիմա կայանին մոտ մի շարք շրջաններ ապրելու համար պիտանի չեն: Վթարի հետեւանքների վերացումը, այդ թվում՝ ռեակտորի ապամոնտաժումը, կտեւի մոտ 40 տարի:



























