Հայաստանում մեծածախ լիցենզիա ունեն շուրջ 150 կազմակերպություններ, որոնցից առաջին 5-ը ներմուծում են դեղերի շուրջ 75 տոկոսը. մնացած 145 ընկերությունները ներմուծում են 25 տոկոսը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց օրինագծի համահեղինակներից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ դա շատ վատ է:
«Դեղերի հիմնական սպառողը հիվանդանոցներն են, որովհետեւ նրանք են ծառայություն մատուցում: Որպեսզի ներմուծողների թիվն ավելացնենք եւ խաթարենք հնարավոր պայմանավորվածությունները ներկրողների միջեւ, առաջարկում ենք այս օրենքով հիվանդանոցներին տալ դեղ ներկրելու իրավունք: Ինչպես ժողովուրդն է ասում՝ հացը տվեք հացթուխին»,-ասաց նա:
Հակոբ Հակոբյանը նշեց, որ «Դեղերի մասին» օրենքն իր սկզբունքներով նախատեսում է անընդհատ դեղերի գնի բարձրացում. «Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, այդ հարցը քննարկելու համար, եւ ինչպես անել, որ Հայաստանում դեղերի գները նվազեն: Բոլորը հարցնում են՝ ինչու են Հայաստանում դեղերը թանկ, իսկ Վրաստանում՝ էժան: Ոչ ոք չի հարցնում, թե ինչ օրենք է Վրաստանում եւ ինչ օրենք է Հայաստանում»:
Հարցին,թ ե ինչո՞ւ հիվանդանոցները չպետք է դեղեր ներկրնելու համար լիցենզավորում անցնե, հանձնաժողովի նախագահը խպատասխանեց. «Հիվանդանոցներին չենք տալիս լիցենզիա, որ դեղ չվաճառեն դեղատներում: Եթե տանք մեծածախ լիցենզիայի իրավունք, հիվանդանոցի բոլոր աշխատողներին կդարձնենք դեղ վաճառող, ինչպես այսօր է կատարվում մեր մյուս հաստատություններում: Մենք ուզում ենք հիվանդանոցներին զրկել դեղ վաճառելու իրավունքից, նրան տալ դեղ օգտագործելու իրավունք: Հիվանդանոցը իրավունք ունի դեղ օգտագործելու միայն հիվանդանոցի կարիքների համար: Կառավարությունն ուզում է, որ հիվանդանոցներն ունենան մեծածախ լիցենզիա, իսկ դա նշանակում է, որ հիվանդանոցները կսկսեն զբաղվել դեղերի վաճառքով»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով առաջարկվում է թույլ տալ հիվանդանոցներին դեղ ներկրել, ոչ թե դրանք ձեռք բերել մեծածախ լիցենզիա ունեցող ընկերություններից: Դա, ըստ օրինագծի հեղինակների կհանգեցնի դեղերի գների նվազման:
Բացի այդ, այս օրենքով առաջարկվում է, որ ֆիզիկական անձը արտասահմանից ժամանելիս իրավունք ունենա առանց հավաստագրի երեք հոգու համար դեղ բերել: «Սրանով մենք ասում ենք, որ դու կարող ես քո երեխայի, քո ծնողի, քո հարազատի համար դեղ բերել»,-նշել է Հակոբ Հակոբյանը:
Նշենք, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրինագծի ընդունմանը:


























