Խորհրդարանական կառավարման անցումը մենք նշանավորում ենք խորհրդարանի հանդեպ բացարձակ արհամարհանքով, երբ կառավարությունը հարկ չի համարում ներկա լինել եւ հիմնավորել, թե ինչու է դեմ կամ կողմ այս կամ այն նախաձեռնությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հետեւաբար ամպագորգոռ հայտարարությունները, թե անցանք խորհրարանական կառավարման համակարգի եւ այլեւս մեծապես բարձրանալու է ԱԺ-ի եւ քաղաքական ուժերի դերը, մենք տեսնում ենք, թե կառավարությունն ինչպես է նշանավորում խորհրդարանական կառավարման անցումն իր տոտալ արհամարհանքով»,-ասաց նա:

Անդրադառնալով բուն օրինագծին, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ ԱԺ բերվող որոշ օրենքներ իրենց մեջ իշխանության այս կամ այն ներկայացուցիչների բիզնեսների ներքին վերաբաժանման փուլ են սկսել: Ակնհայտ շահերի բախում է նկատվում, մարդիկ, որոնք ունեն դեղատներ, տեղից առաջարկում են՝ դե եկեք դեղատներին էլ հնարավորություն տանք դեղ ներկրել:

Մենք կողմ ենք շուկայի ազատականացմանը, բայց ես պիտի համաձայնեմ, որ դեղերի ոլորտում տիրում է բացարձակ բեսպրեդել: Այս ոլորտը պետք է համակարգային փոփոխության ենթարկվի»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ այս օրինագիծն ընդունելու դեպքում դեղերի գները կնվազեն, Զոհրաբյանն ասաց. «Ես մեծ վերապահում կունենամ այն պնդման հետ, որ եթե հիվանդանոցներին դեղեր ներմուծելու իրավունք տրվի, դեղերի գինն իջնելու է: Ոչ, գնալով հիվանդանոց հիվանդը դառնում է հիվանդանոցի պատանդը, ինչ գին ասեն, էդ գնով ստիպված է լինելու առնել: Հատկապես, որ հիվանդանոցը շատ ավելի փոքր ծավալով է ներկրելու դեղերը, քան մեծածախը, հետեւաբար չի կարողանալու ավելի էժան բերել դեղը»,-հայտարարեց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով առաջարկվում է թույլ տալ հիվանդանոցներին դեղ ներկրել, ոչ թե դրանք ձեռք բերել մեծածախ լիցենզիա ունեցող ընկերություններից: Դա, ըստ օրինագծի հեղինակների կհանգեցնի դեղերի գների նվազման:

Բացի այդ, այս օրենքով առաջարկվում է, որ ֆիզիկական անձը արտասահմանից ժամանելիս իրավունք ունենա առանց հավաստագրի երեք հոգու համար դեղ բերել: «Սրանով մենք ասում ենք, որ դու կարող ես քո երեխայի, քո ծնողի, քո հարազատի համար դեղ բերել»,-նշել է Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրինագծի ընդունմանը:

Թույլ տալ հիվանդանոցներին դեղ ներկրել. Նոր օրենքով դեղերի գները կնվազեն. Կառավարությունը դեմ է (ուղիղ)

ՀՀ-ում 150 ընկերություն ունի մեծածախ լիցենզիա, որոնցից 5-ը ներմուծում են դեղերի շուրջ 75 տոկոսը. Հակոբ Հակոբյան

Եթե դեղի ներմուծումը կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում, ո՞վ է պատասխան տալու հիվանդի կորստի համար. Բաբլոյան