Հիվանդանոցներին դեղեր ներմուծելու իրավունք տալ-չտալը շատ կոնցեպտուալ վեճ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց խորհրդարանի նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը՝ ով կողմ է, որ նման իրավունք հիվանդանոցներին տրվեն, իսկ կառավարությունը դեմ է:
«Այստեղ քննարկելիս նախարարության ներկայացուցիչներն առաջարկում էին, որ հիվանդանոցները կարող են մեծածախ առեւտրի լիցենզիա ձեռք բերեն եւ այդպես ներմուծեն դեղեր: Ես կոնցեպտուալ դեմ եմ դրան: Մենք չպետք է հիվանդանոցներին ուղղորդենք դեպի դեղերի առեւտրի ոլորտ: Խոսքը չի վերաբերում նրան, որ հիվանդանոցին իրավունք տանք դեղ ներմուծել եւ վաճառել: Խոսքը միայն ներմուծելու իրավունքի մասին է»,-ասաց Բաբլոյանը:
Նա նկատեց, որ Հայաստանը փոքր երկիր է, շուկան փոքր է եւ ցածր գին ունեցող որոշ դեղամիջոցներ կոմերցիոն հետաքրքրություն չեն ներկայացնում մեծածախ լինցենզիա ունեցող ընկերությունների համար, հետեւաբար, դա կարող է անել միայն հիվանդանոցը. «Ասենք այդ դեղի կարիքն ունի ոչ թե 10 հազար մարդ, այլ 500, պարզ է, որ դա իրենից կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում: Բայց ո՞վ է պատասխան տալու այն քաղաքացու կյանքի ու առողջության համար, ում կարող ենք կորցնել, եթե այդ դեղամիջոցը չլինի: Սա է այն հիմնական գաղափարը, որ դրված է օրենքի նախագծի հիմքում»:
Բաբլոյանը հիշեցրեց, որ եթե արտադրողը չի բերել ու չի գրանցել այդ դեղամիջոցը Հայաստանում, մեծածախ առեւտուր իրականացնողն էլ հետաքրքրություն չունի ներկրել այդ դեղամիջոցը, բայց միաժամանակ պետությունն ամրագրել է, որ մարդու իրավունքը պաշտպանելու համար պետությունը պետք է վճարի ու գրանցի այդ դեղամիջոցը, եթ դրա կարիքը կա. «Իսկ ո՞վ է այդ դեպքում դիմելու պետությանը: Հենց բժիշկները, որոնք պետք է գան հիմնավորեն, որ այս դեղի կարիքը կա:
Մենք այդպիսի խնդիր ունենք մի խումբ բրոնխիալ ասթմայով հիվանդների, մի խումբ էպիլեպսիայով հիվանդների հետ կապված»,,-ընդգծեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ եթե անգամ պետությունը գրանցի այդ դեղամիջոցները, ոչ մեկը հետաքրքրված չէ ներմուծելու դրանք, բացի բժիշկներից:
Նա անդրադարձավ նաեւ դեղերի շուկայում մրցակցության խնդրին՝ նշելով. «Երբ խոսում ենք շուկայի մասին, դա նաեւ զսպող մեխանիզմ է: Եթե դեղերի առեւտրով զբաղվող մի ընկերություն մոնոպոլիստ է, կարող է կրկնակի գին դնել, բայց եթե հիվանդանոցը հնարավորություն ունի ներմուծել դեղեր, այդ կրկնակի գինը չի վճարի եւ հիվանդի վրա չի թանկանա ծառայությունը: Եթե ներմուծողը տեսնի, որ այդ մրցակցությունը կա, ինքն ավելի խելամիտ գին կդնի, քանի որ ինքն ավելի մեծ քանակով է բերում, ավելի քիչ ծախս է անում ներմուծելիս: Այդ դեպքում արդեն անմիտ է, որ հիվանդանոցը ջանք թափի ու դրսից դեղ բերի, արդեն մեծածախից կգնի: Այսինքն ոչ ոք չի ուզում մեծածախի իրավունքները վերցնել ու տալ հիվանդանոցին»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով առաջարկվում է թույլ տալ հիվանդանոցներին դեղ ներկրել, ոչ թե դրանք ձեռք բերել մեծածախ լիցենզիա ունեցող ընկերություններից: Դա, ըստ օրինագծի հեղինակների կհանգեցնի դեղերի գների նվազման:
Բացի այդ, այս օրենքով առաջարկվում է, որ ֆիզիկական անձը արտասահմանից ժամանելիս իրավունք ունենա առանց հավաստագրի երեք հոգու համար դեղ բերել: «Սրանով մենք ասում ենք, որ դու կարող ես քո երեխայի, քո ծնողի, քո հարազատի համար դեղ բերել»,-նշել է Հակոբ Հակոբյանը:
Նշենք, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրինագծի ընդունմանը:




























