News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նեզավիսիմոյե վոեննոյե օբոզրենիե» ռուսական պարբերականն իր «Ռուսական զենքը՝ Հայաստանում» հոդվածում վերլուծում է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը եւ իր մեխանիզմներն է առաջարկում որոշ նուրբ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննադատելով ՀՀ նոր իշխանությունների գործողությունները՝ հոդվածի հեղինակը, որի անունը խմբագրությունը նախընտրել է գաղտնի պահել, առաջարկում է ռուսական զենք վաճառել ոչ թե վարկով, այլ կանխիկ գումարով:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Վարկով զենքի մատակարարումը սովորական բան է: Այս ձեւը կիրառում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ներգրավված գրեթե բոլոր երկրները: Դրա պատճառները կարող են տարբեր լինել, սակայն սովորաբար դրանք զուտ քաղաքական են. այդ երկրում արտադրվող զենքի համար պետական արտահանման վարկ տրամադրող երկիրն այս կերպ վկայում է, որ վարկ ստացող երկիրը դիտարկվում է եթե ոչ որպես դաշնակից, ապա՝ որպես շատ մոտ գործընկեր, ընկեր: Հենց այսպիսին է Ռուսաստանը երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության համար: Երեւանը Մոսկվայից ստանում էր ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական աջակցություն (ներառյալ ռուսական ռազմաբազան) եւ տնտեսական առավելություններ: Կրեմլի դիրքորոշումը բավականին հստակ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ իսկ պատճառով ոչ ոքի համար զարմանալի չէր, երբ 2015 թվականանին Ռուսաստանը համաձայնեց ՀՀ-ին խոշոր վարկ տրամադրել՝ 200 մլն դոլար՝ սպառազինությունների գնման համար: 2016 թվականի փետրվարին մեկնարկած այս վարկային համաձայնագրի շրջանակներում մատակարարումներն ավարտվեցին անցած ամիս: Հայաստանը ստացավ «Սմերչ», «Իգլա» համակարգեր,  «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր կրականետ համակարգեր, «Տիգռ» զրահապատ ավտոմեքենաներ, 9Մ113Մ հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊՀ-26 նռնականետեր եւ այլն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր.«Պայմանագրով տրամադրված զինամթերք՝ ժամանակակից, արդիականացված, ինչպիսինը չկա անգամ Ռուսաստանի զինանոցում»:

Վերջին տարիներին Անդրկովկասում իշխանության հավասարակշռությունը խախտվել էր Ադրբեջանի աճող ռազմական հզորության պատճառով, որը սպառնում էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմամբ: Ռուսաստանից զենքի մատակարարումները կօգնեն սառեցնել հակամարտության սրումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով մոտավոր հավասարության: Սակայն Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ բոլորի սրտով է: Այդպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Տնտեսության սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում նշվում էր, որ «երկու կողմերի՝ փոխզիջման չգնալու ցանկությունը, կողմնակի ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018 թվականին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»: Հնարավոր է, սրանով է պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան այցը Բրյուսել եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նրա հանդիպումներն արեւմտյան երկրների առաջնորդների եւ դաշինքի գլխավոր քարտուղարի հետ: Գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է եւ «Հայաստանը տեսնում է այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»: Վարչապետը Ռուսաստանին սերտ դաշնակից է համարում, սակայն հույս ունի զարգացնել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում առկա տարածաշրջանային խնդիրները քննարկելու հնարավորությունը բաց չի թողնվում: Ընդ որում, ըստ ԶԼՄ-ների, հայկական կողմը կներգրավվի Հարավային Կովկասում միասնական գազատրանսպորտային համակարգում եւ «ճանապարհային քարտեզում», որտեղ Հայաստանը դիտարկվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերության համատեքստում:

Շատ փորձագետներ են նկատել Երեւանի դիրքորոշման փոփոխությունը: Եւ ինչպե՞ս կարելի է չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը, որն անցնում է 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերի ցրման գործով: Դատարանը, իհարկե, համաձայնել է ազատ արձակել նրան գրավի դիմաց, սակայն ոչ ոք նրա դեմ մեղադրանքը չի հանել: Ինչպե՞ս է հնարավոր խոսել ՀԱՊԿ-ի շահերին հավատարիմ լինելու մասին եւ անմիջապես կալանավորել այդ նույն կազմակերպության գլխավոր քարտուղարին: Չէ՞ որ կարելի էր նախօրոք քննարկել այս հարցը նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների հետ եւ նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այս պաշտոնում եւ միայն հետո կալանավորել նրան: Ի վերջո, այսպիսի գործողություններն այնպիսի ուժգին հարված են հասցնում կազմակերպությանը, որի հետ կարելի է համեմատել միայն ագրեսիան ՀԱՊԿ անդամների դեմ: Այս ամենին գումարած, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ գովաբանելով ռուսական զենքը, միանգամից ավելացնում է, որ, թեեւ հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները ամրացված են բազմաթիվ համաձայնագրերով, անհրաժեշտության դեպքում այդ փաստաթղթերում որոշ դրույթների վերանայումը բացառել չի կարելի:

Կամ գուցե պետք է ավելի պարզ գործել. ժամանակակից զենքը վաճառել ոչ թե վարկով, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով կամ նույնիսկ չի էլ ճանաչվում, այլ մատակարարել այն «կենդանի» փողի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ, առանց նեղանալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ