News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը խոստանում է խորացնել համագործակցությունն Իրանի և Կենտրոնական Ասիայի իր հարևանների հետ Կասպից ծովի վերաբերյալ համաձայնագրով, որը ճանապարհ է հարթում երկար սպասված էներգետիկ ծրագրերի իրագործման և աշխարհի ամենամեծ լճի ավազանում Ռուսաստանի ռազմական գերակայության հաստատման համար: Այս մասին գրում է Financial Times-ի՝ Մոսկվայի և Կենտրոնական Ասիայի թղթակից Հենրի Ֆոյը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ողջունել է Կասպից ծովի ավազանի երկրներին՝ Իրանի միջուկային ծրագիրը կարևորելու և Իրանին աջակցելու համար, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ:

Ըստ հեղինակի՝ Մոսկվան վաղուց է Կասպից ծովը դիտարկում իր ազդեցության գոտում և փորձում է խոչընդոտել կամ դադարեցնել դրա դեմ ուղղված ցանկացած տարածաշրջանային ծրագիր, ինչպես, օրինակ, Թուրքմենստանի առաջարկած անդրծովյան գազատարի ծրագիրն է, որով վերջ կդրվեր Եվրոպայում ռուսական գազի առկայությանը: Բայց Պուտինը համաձայնել է կնքել նման հռչակագիր, որպեսզի ամրապնդի Իրանի հետ կապերը և կենտրոնական Ասիայի իր հարևանների հետ համագործակցությունը, մինչ Չինաստանն ու ԱՄՆ-ն փորձում են ավելացնել տարածաշրջանում իրենց ազդեցությունը: Փոխարենը Ռուսաստանը ձեռք է բերում երաշխիք, որ Կասպից ծովի ավազանում այլ ուժերի ռազմական ներկայություն չի լինի, և իր ռազմածովային ուժերը Կասպից ծովում կունենան բացարձակ վերահսկողություն:

«Ռուսաստանը վերջին իրադարձությունների խթանիչ ուժն էր, սակայն դեռ հարկ է պարզել՝ արդյո՞ք Մոսկվան որևէ բան զիջել է, իսկ անվտանգության տեսանկյունից Ռուսաստանը միանշանակ շահել է»,- կարծում է Կենտրոնական Ասիայի հարցերով Verisk Maplecroft-ի վերլուծաբան Կամիլիա Հագելունդը:

Սակայն, ըստ նրա, անհասկանալի է, թե ինչ ազդեցություն կունենան Կասպից ծովի ավազանի երկրների կնքած երկկողմ պայմանագրերը տվյալ հռչակագրի գործողության վրա:

Հեղինակը նշում է, որ տարբեր երկկողմ համաձայնագրերը կողմերին հավաքել են բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանը Թուրքմենստանից գազի ներմուծման պատրաստակամություն է հայտնել, որով կօգնի ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը, մինչդեռ Ադրբեջանը նույնպես ցանկանում է ավելացնել գազի ներկրումը, որպեսզի լրացնի սեփական արտադրության բացը:

Հռչակագրով լուծվում է նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակը: Լճի մակերեսի ջուրը կօգտագործվի ընդհանուր հիմունքով՝ ինչպես ծովի ջրերը՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի: Ծովափնյա տարածքն ու հողի ստորին շերտը կբաժանվեն ցամաքի նմանությամբ, չնայած կոնկրետ մանրամասները դեռ պարզ չեն: Սա թույլ կտա, Կասպից ծովի ավազանի երկրների համաձայնության պարագայում, իրականացնել գազատարի ստորջրյա կառուցման աշխատանքներ, որը վերջ կդնի թուրքմենական գազատարի շուրջ տարիներ շարունակվող իրավական խնդիրներին:

Հենրի Ֆոյը գրում է, որ ռազմական ներկայության արգելքը Ռուսաստանի համար հաղթանակ է, որով կարգելվի ՆԱՏՕ-ի և Չինաստանի կողմից Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու ցանկացած փորձ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ մտադիր է մինչև 2025 թվականը Կասպից ծովում նոր խորջրյա նավահանգիստ կառուցել:

Մոսկվան նաև ցանկանում է հարաբերություններն ամրապնդել Թեհրանի հետ: Երկրները դաշնակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասսադին սատարելու հարցում, և երկուսն էլ շարունակ հայտնվում են համաշխարհային շուկաներից դուրս՝ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով:

Տպել
Ամենաշատ