Հայաստանում հացի եւ ալյուրի թանկացման նոր ալիք է; Դեռ 1 ամիս առաջ կանխատեսել էինք, որ այս թանկացումները անխուսափելի են; Այն պահից, երբ ցորեն ներկրող ընկերությունները կսպառեն մինչ 2011 թ. հունվարը համեմատաբար էժան գներով ներմուծած ցորենը, նրանք անխուսափելիորեն կբարձրացնեն ալյուրի գինը, քանի որ հունվարյան ներկրումները տեղի են ունեցել բավական թանկ գներով։
Նկատենք, որ ողջ փետրվարի ընթացքում միջազգային շուկայում ցորենի գների աճը շարունակվել է։ Թեեւ փետրվարի 15-ին վերջապես արձանագրվեց գնի որոշակի անկում, այնուամենայնիվ, առկա գնային մակարդակը բավական բարձր է՝ 1 տոննան 330-370 դոլարի սահմաններում։ Ընդ որում՝ առայժմ պետք է շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին եւ Ավստրալիային, որոնք վերջին շաբաթներին մեծ քանակությամբ ցորեն են նետում միջազգային շուկա։ Առավել հավանական է, որ ցորենի գների լուրջ անկում տեղի ունենա մարտի սկզբից, երբ հարավային կիսագնդի որոշ երկրներում սկսվի բերքահավաքը։
Հայաստանը ցորեն հիմնականում ներմուծում է Ուկրաինայից եւ Ղազախստանից։ Այս պահի դրությամբ այլընտրանք համարյա չունենք, քանի որ Ռուսաստանը պահպանում է արտահանման էմբարգոն, իսկ Եվրոպայում գներն ավելի բարձր են։
Այս իրավիճակում անսպասելի էր կառավարության քայլը, որով բարձրացվեց ներմուծվող ցորենի մաքսային արժեքը; Փետրվարի 1-ից ներմուծվող ցորենը մաքսազերծվում է՝ հիմք ընդունելով 350 դոլար հսկիչ գինը 1 տոննայի դիմաց, նախկին 250 դոլարի դիմաց։ Սա նշանակում է, որ ներմուծվող ցորենը պարզապես թանկանում է 7-8 տոկոսով։
Արդյոք սա ճի՞շտ որոշում է գնային ներկա լարված իրավիճակում։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այս պահին քննարկում են, թե ինչպես մեղմեն պարենային ճգնաժամը՝ թեկուզեւ հարկերը նվազեցնելու միջոցով, իսկ Հայաստանն անում է ճիշտ հակառակը։ Եթե անգամ ընդունենք, որ ռազմավարական առումով ճիշտ որոշում է ընդունվել, պահը դրա համար սխալ է ընտրված։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարության մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում։ Կառավարության ներկայացուցիչներն այսօր ամենաշատը խոսում են այն մասին, թե ինչպես պայքարեն գնաճի դեմ, բայց գործնականում նպաստում են դրան։ Ցորեն ներկրողները լրացուցիչ վճարած հարկերը պարզապես ներառում են ալյուրի գնի մեջ՝ ողջ ծանրությունը տեղափոխելով սպառողի ուսերին։
Չի բացառվում, որ ալյուրի գների վրա որոշ բացասական ազդեցություն թողնի արժեզրկվող դրամը։ Ալյուր արտադրող ընկերությունները մեծածախ գները հաշվարկում են ԱՄՆ դոլարով, այնուհետեւ վերահաշվարկում դրամով։ Դրանով նրանք փորձում են ապահովագրվել արժութային ռիսկերից, թեեւ վերջին ամիսներին դրամը համեմատաբար կայուն վարքագիծ ունի։ Նկատենք, որ երբ դրամը արժեւորվում ու մոտենում է 1դոլար/360 դրամ մակարդակին՝ ալրաղացները գործնականում դա չտեսնելու են տալիս, իսկ երբ արժեզրկվում է՝ միանգամից գները ճշգրտվում են։
Ըստ վերջին տվյալների՝ ալյուրի մեծածախ գինը մոտ 250 դրամի սահմաններում է՝ վերջին 2 տարիների ամենաբարձր մակարդակը։ Ալյուրի այս կտրուկ թանկացումը անմիջապես ազդել է հացի գների վրա, թանկանում է համարյա ողջ մակարոնեղենը; Հրուշակեղենի արտադրությունը նույնպես ասեղների վրա է՝ գները պահել այլեւս հնարավոր չէ։
Տեսակետներ կան, որ աշխարհը 2011-ին կբախվի ցորենի դեֆիցիտի խնդրի հետ, պայմանավորված զարգացող երկրներում սպառման ծավալների աճով։ Սակայն դրանք չափից դուրս հոռետեսական գնահատականներ են։ Թեեւ բնակլիմայական պայմանները այս պահի դրությամբ նպաստավոր չեն համարվում ցորենի արտադրության համար, սակայն շատ լավ բերքի հավանականությունը նույնպես ոչ ոք չի բացառում։
Սամվել Ավագյան





























