News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի շուրջ ստեղծված աղմուկը շարոնակվում է: Նախօրեին Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի բակում դասադուլ անող ծնողներին եւ ուսուցիչներին է այցելել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը եւ փոխանցել ներկաներին վարչապետի խոսքերը: Միքայելյանը հայտնել է, որ վարչապետը հաջորդ շաբաթ կգա Չարենցավան, իսկ մինչ այդ նոր նշանակում չի լինի:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին Չարենցավանի N  3 հիմանական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել՝ նշելով.

«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց եւ հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների եւ ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ եւս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին եւ մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը եւ զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին եւ տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված՚ իրավական գործընթաց է:Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից եւ խմբակային շահերից»։

Ծնողները, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք շարունակելու են դասադուլն այնքան ժամանակ, մինչեւ իրենց խնդրին դրական լուծում տրվի.

«Ուզում ենք հավատալ, որ խնդրի լուծումը մեր օգտին կլինի, ոչ թե այն պատճառով, որ այդպես ենք ուզում, այլեւ այն, որ ընտրությունն իսկապես խախտումներով է եղել: Մենք արդեն օրեր շարունակ դասադուլ ենք անում՝ փորձելով ճշմարտությունը ներկայացնել: Մեզ հետ հանդիպման են եկել մարզպետարանից, ԿԳ նախարարությունից, պատգամավորության թեկնածուներ, անգամ վարչապետի քարոզարշավի ժամանակ ենք խնդրի մասին բարձրաձայնել, բայց ոչ մի արդյունք: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ մեր տնօրենին հետ վերադարձնեն մեզ: Մենք չենք ուզում հավատալ, որ իշխանությունները մեր արդարացի բողոքը չեն լսի»,-ասացին ծնողներն ու ուսուցիչները:

Նշենք, որ այս պահի դրությամբ, ըստ հավաքվածների, ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը դեռ դպրոցում է: Ծնողների խոսքով, շուրջ 15 աշակերտ եւ մի քանի ուսուցիչ դպրոցում են, իսկ մյուսները՝ դասադուլ են անում:Դպրոցն ունի 825 աշակերտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում տեւական ժամանակ դասադուլ է՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Պատճառը նոյեմբերի 9-ին կայացած տնօրենի ընտրությունն է, որի արդյունքում իրենց տնօրենը չի վերընտրվել: Ծնողներն ու ուսուցիչները վրդովմունք են հայտնել, որ ընտրությունը խախտումներով է  եղել, խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից:

Ընտրված տնօրենն էլ իր հերթին NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ուղղորդումը եղել է հենց Լուսինե Կարապետյանի կողմից, խախտումները՝ նույնպես:

Իրենց բողոքն արտահայտելու համար ծնողները նույնիսկ գնացել էին Կոտայքի մարզպետարան:

Ի դեպ, Լուսինե Կարապետյանն ընտրության արդյունքները բողոքարկել էր ԿԳՆ, ըստ որի հանձնաժողով է կազմվել, որն էլ իր աշխատանքներն իրականացրել է եւ եզրակացրել, որ ընթացակարգի առումով խախտումներ չեն եղել դպրոցում:

Այս ամենին կրկին  հաջորդել է դպրոցի ծնողների եւ ուսուցիչների դասադուլը: Վերջիններս հայտնել են, որ եթե նախկին տնօրենին չվերականգնեն, իրենք դպրոցից կհանեն երեխաներին, իսկ որոշ ուսուցիչներ էլ հայտնել են, որ ազատման դիմումներ կգրեն:

Խնդրին լուծում տալու նպատակով դպրոց է այցելել եւ հավաքվածներին հանդիպել նաեւ ԿԳՆ խորհրդական Գոհար Մամիկոնյանը: Վերջինս լսել է ծնողների եւ ուսուցիչների հուզող հարցերը, բայց խնդիրն այդպես էլ մնացել է անլուծելի:

Նոյեմբերի 30-ին ընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր: Քարոզարշավի ընթացքում դպրոցի ծնողներն ու ուսուցիչները դիմելով Փաշինյանին՝ խնդրել են հարցին լուծում տալ՝ հայտնելով, որ իրենց միակ հույսը վարչապետն է: Վերջիններս վարչապետին անգամ ստիպել են իջնել բեմից եւ լսել իրենց: Փաշինյանն էլ խոստացել է հարցին օբյեկտիվ լուծում տալ:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի աշակերտները դպրոց չեն հաճախում: Իր հերթին, ընտրված տնօրեն Աննա Բալյանը հայտնել էր, որ եթե իր իրավունքները խախտվեն, ինքը  կդիմի դատական մարմիններին:

Տպել
Ամենաշատ