News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը քաղաքացիական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Գրիգորյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

NEWS.am–ի հետ զրույցում Գեւորգ Գրիգորյանը հայտնեց, որ  հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախարարի` ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հնչեցրած արտահայտությունները: 

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2019-ի մայիսի 7-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել էր պատվաստումային ծրագիրն ավելի էֆեկտիվ կազմակերպելու շուրջ քննադատություններ հնչեցնողներին:

Ուղիղ երթերում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պատվաստումների ծրագրի դեմ քննադատությունն ուղղորդվում է մեկ կենտրոնի կողմից, եւ որոշ շրջանակներ, ցանկանալով  կոնկրետ իր անձի դեմ գործողություններ իրականացնել, այլ բան չեն գտնում, քան քննադատելը մի ծրագրի, որը փրկելու   հարյուրավոր քաղաքացիների կյանքեր:

«Այսինքն այնքան ցածր են ընկել, այնքան ստոր են, որ կպնում են կյանքներ փրկող ծրագրին, այլ ոչ թե անձամբ ինձ, քանի որ, կարծես թե անձամբ ինձ կպնելու գործողություններն այդքան էլ արդյունքավետ չեղան»,- ասել է նախարարը՝ զգուշացնելով, որ  հանրային առղջապահական որեւէ ծրագրի նկատմամբ որեւէ ոտնձգություն առնվազն իր կողմից այնքան կոշտ պատասխան է ստանալու, որ նման գործողություն իրականացրած անձինք զղջալու են, որ մտել են այդ դաշտ»։

Գեւորգ Գրիգորյանը վստահ է, որ նախարարի խոսքերն ուղղված են եղել նաեւ իրեն, քանի որ քննադատողներից մեկն ինքն է։

«Ճիշտ է, իմ անունը չի տվել, սակայն քննադատողները 3-4 հոգի են, որոնցից մեկը ես եմ եւ կարելի է հասկանալ, որ ինձ էլ է նկատի ունեցել»,–ասաց նա։

 Գրիգորյանի խոսքով, եթե նախարարը  հրապարակայնորեն հերքի, որ իրեն նկատի չի ունեցել, իրենք որեւէ պահանջ չեն ներկայացնի։

«Ես որեւէ գումարային  փոխհատուցում չեմ ուզում իրենից , ես ուզում եմ հրապարակային ներողություն»,–ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ դեռեւս օգոստոսի 16–ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր  Ռուբեն Բունիաթյանը քաղաքացիական հայցն ընդունել է վարույթ, սակայն օրեր անց հետ է վերադարձրել այն՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար։

Սեպտեմբերի 26–ին Գրիգորյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան։

Տպել
Ամենաշատ