News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները պաշտոնապես Սպիտակ տնից պահանջել են Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը, տեղեկացնում է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հարկավոր են հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթերը, որը երկու երկրների նախագահների միջեւ տեղի է ունեցել հուլիսի 25-ին։

Կոմիտեների ղեկավարների խոսքով՝ իրենք ստիպված էին ծանուցում ուղարկել, քանի որ Սպիտակ տնից չեն ստացել փաստաթղթերը, որոնք խնդրել էին սեպտեմբերի 9-ի նամակով։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ նախագահ Թրամփը մեզ եւ ժողովրդին նման դրության մեջ է դրել, բայց նրա գործողությունները մեզ այլ ընտրություն չեն թողել, քան այդ ծանուցումն ուղարկելը»,- ասել են Ներկայացուցիչների պալատի կոմիտեների ղեկավարներ Իլայջա Քամինգը, Ադամ Շիֆը եւ Էլիոթ Էնգելը։

Նրանք Սպիտակ տանը մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամանակ են տվել Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաղորդելու համար, ներառյալ նրանց մասին տեղեկությունները, ովքեր, Թրամփից բացի, զրուցել են Ուկրաինայի նախագահի հետ։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն ասել է, որ դեմոկրատների ծանուցումը ոչինչ չի փոխի։

«Այդ ծանուցումը ոչինչ չի փոխում. ընդամենը փաստաթղթերի հարցումներ, կորսված ժամանակ եւ հարկատուների դոլարներ, որոնք ի վերջո ցույց կտան, որ նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,- նշվում է Գրիշեմի հայտարարությունում։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Սպիտակ տան իրավաբանները կարծում են, որ Թրամփը կարող է անտեսել դեմոկրատների պահանջը, մինչեւ որ Ներկայացուցիչների պալատը քվեարկի եւ պաշտոնապես հավանություն տա նախագահի իմփիչմենթի հետաքննությանը։

Ավելի վաղ  Վաշինգտոնում մեծ սկանդալ էին առաջացրել հավաստիացումները, որ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ Կիեւին ստիպելու համար՝ օգնել վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին երկրորդ անգամ ընտրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակցի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությանը Կիեւին Վաշինգտոնի ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր նման կասկածների հիման վրա սկսել հանրապետական Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի։ Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն է եկող տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Չորեքշաբթի Սպիտակ տունը հրապարակեց երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի սղագրությունը։ Պարզվեց, որ Թրամփը Զելենսկուց չի փորձել հասնել հետաքննություն սկսելուն Հանթեր Բայդենի հանդեպ՝ Ուկրաինային Միացյալ Նահանգների ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթ, ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության անցկացման հիմքեր չի հայտնաբերել ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ