News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միխայիլ Միշուստինը կդառնա ՌԴ 11-րդ վարչապետը, որը պաշտոնապես կհաստատվի այդ պաշտոնում, իհարկե, Պուտինն ինքը երկու անգամ տարբեր ժամանակաշրջաններում (1999-2000, 2008-2012) զբաղեցրել է այդ պաշտոնը, այնպես որ Միխայիլ Վլադիմիրովիչի նախորդները 9-ն են։ Բայց նա նրանցից առաջինն է, որ ծնվել է Մոսկվայում, գրում է «ԲԻԶՆԵՍ Online»-ը։

Միշուստինի իշխանություն տանող ճանապարհը բնորոշ չէ 1990-ականների համար։ Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանի (ՍՏԱՆԿԻՆ) շրջանավարտը՝ «ինժեներ-սիստեմատեխնիկ» մասնագիտությամբ, գործունեությունն սկսել է «Միջազգային համակարգչային ակումբ» (ՄՀԱ) ընկերությունում, որը կազմակերպել էր գործարար Լեւոն Ամդիլյանը, որտեղ ղեկավարել է համակարգիչների որակը վերլուծող թեստային լաբորատորիան, որը «Գիտելիք» ընկերության բազայի վրա Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանում թողարկում էր թեստերի արդյունքների գրքույկ։ ՄՀԱ-ն հայտնի դարձավ նաեւ որպես միջազգային համակարգչային ֆորում-ցուցահանդեսի կազմակերպիչ, որը լայնորեն հայտնի է  նեղ շրջանակներում, որտեղ ակտիվորեն այցելում էին պետկառույցների ներկայացուցիչները՝ որակյալ համակարգչային տեխնիկա եւ ծրագրային ապահովում գտնելու հույսով։

Միշուստինի հայտնվելը հարկային ծառայությունում նկատելի հետք թողեց կազմակերպության գործունեությունում, ինչպես նաեւ շարքային հարկատուների կյանքում։ Գործարար աշխարհի համակարգչային մասնագետը, պատասխանատու լինելով գերատեսչությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար, անմիջականորեն մասնակցեց այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին են էլեկտրոնային թվային ստորագրությունները, հարկատուի իդենտիֆիկացիոն համարը («իէնէնը»), իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրը (ԵԳՐՅՈւԼ), ինչպես նաեւ ծառայության աշխատանքի կազմակերպումը մեկ պատուհանի սկզբունքով։

2004 թվականի մարտին Միխայիլ Վլադիմիրովիչը նշանակվեց անշարժ գույքի օբյեկտների կադաստրի դաշնային գործակալության ղեկավար։ Երկու տարում «Ռոսնեդվիժիմոստը» ավարտեց ՌԴ հողերի կադաստրային զանգվածային գնահատումը, ինչը թույլ տվեց մտցնել հողի հարկ հողի կադաստրային (մինչ այդ նորմատիվային)  արժեքի հիման վրա։

Թերեւս, կառավարության եւ առհասարակ երկրի թվային ձեւափոխումն է դառնալու նոր վարչապետի գլխավոր առաքելություններից մեկը։ Լայնորեն հայտնի են Պուտինի խոսքերը, որը համեմատում էր արհեստական բանականության մշակումը միջուկային մրցավազքի հետ. ով հաղթի, նա էլ կդառնա աշխարհի տիրակալը։ Իսկ ահա թե ինչ է ասում այդ մասին Միշուստինը. «Եթե մենք չհասկանանք, թե ուր է այդ (թվային) աշխարհը ընթանում, եւ որոնք են նրա կանոնները, եթե պնդենք, թե մեր պետությունը նախորդ հասարակարգի է, այդ նոր աշխարհը մեզ իր զոհը կդարձնի»։

2010-ին, երկու տարվա ընդմիջումից հետո, Միշուստինը նորից վերադառնում է պետծառայության՝ հիմա արդեն որպես դաշնային հարկային ծառայության ղեկավար։ Եվ հենց այս ոլորտում տեղի ունեցավ համարյա թե միակ հիրավի նկատելի բեկումը։ Հուլիսին Financial Times թերթը, որին դժվար է կասկածել Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեջ, մեծ նյութ տեղադրեց «ապագայի հարկային տեսչի» մասին։ Պարբերականի թղթակցին հատկապես ցնցել էր իր խմած մեկ բաժակ կապուչինոյի հետ կապված դրվագը. դաշնային հարկային ծառայության պետը մի երկու քլիկով նրան գտել էր գերատեսչության էլեկտրոնային շտեմարանում։

ԴՀԾ նորաթուխ ղեկավարը պատերազմ հայտարարեց «կեղտոտ փողերին», ծրարով աշխատավարձերին եւ կանխիկին, բայց եւ հռչակում էր «սերվիսային մոտեցումը» հարկատուի հանդեպ, հարկերի «ներկառուցումը» ամենօրյա կյանքում։ Այնպես որ, պատերազմը հիմնականում ընթանում էր տվյալների համատարած թվայնացման, հավաքման եւ վերլուծության, այլ ոչ թե վախեցնելու եւ «դիմակ-շոուների» հաշվին։ Որպես արդյունք՝ վերջին տարիներին ԴՀԾ-ն ցուցադրում է հարկային մուտքերի ռեկորդային թվեր։ Միշուստինի խոսքով՝ 2017 եւ 2018 թվականներին աճի առավելագույն տեմպեր գրանցվեցին՝ 20 եւ 23 տոկոս համապատասխանաբար։ 2018-ին երկրի բյուջեն 21,3 տրլն ռուբլի հարկային մուտք ունեցավ ՝ ռեկորդ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ։ Օրինակ, Միշուստինի առանձնակի հպարտության առարկան է «ԱՍԿ-ԴՀԾ-2» համակարգը, որը թույլ տվեց ակնթարթորեն բացել դաշնային կարեւոր հարկերից մեկի հետ կապված մեքենայությունները։

Միշուստինը մարզական կիրք ունի՝ հոկեյը։ Ասում են, թե սառույցի վրա մարզումների հանդեպ 2000–ականների կեսերին թուլություն ուներ Սերգեյ Նարիշկինը՝ այն ժամանակ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Այնպես որ, Միխայիլ Վլադիմիրովիչը տարված է սիրողական հոկեյով արդեն ավելի քան տասը տարի եւ, ականատեսների խոսքով, հասել է որոշակի հաջողությունների։ Նա սառցի վրա դուրս է եկել նաեւ Կազանում, ԹՀ նախագահ Ռուստամ Միննիհանովի հետ միասին։

Միշուստինը մտնում է ԲԿՄԱ ՀԱ խորհրդի կազմում եւ համարվում է հայրենական հոկեյի ոչ պաշտոնական ղեկավարներից մեկը, համապատասխանաբար՝ մասնակից է նրա վերջին տարիների հաջողություններին։ «Իմ երկու պապերը երիտասարդ լեյտենանտներ էին, նրանք ԲԿՄԱ-ի երկրպագուներ էին։ Հայրս մինչեւ կյանքի վերջը ԲԿՄԱ-ի երկրպագու է եղել։ Իմ կյանքն անցել է ԲԿՄԱ-ի հետ միասին։ Ամենաառաջին հնարավորության դեպքում մեկնել եմ դուրս՝ երկրպագելու սիրելի ակումբին։ Ես հասցրել եմ տեսնել Պետրովին, Խառլամովին ու Տրետյակին։ Այդ լեգենդար ակումբի հետ են կապված մեր բոլոր երազանքները, ձեռքբերումներն ու ողջ երիտասարդության ուրախությունը»,- խոստովանել է նա իր սերն ակումբի հանդեպ։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Միշուստինը ամուսնացած է, ունի երեք որդի։ Եվ ուրիշ ոչ մի մանրամասն։ Միայն այն, որ նրա կինը, որին կառավարության անդամը փոխանցել է իր բիզնես-ակտիվները, կանոնավորապես, համաձայն ամենամյա հայտարարագրերի, վաստակում է ամուսնուց շատ եւ մտնում է Ռուսաստանի նախարարների ամենահարուստ կանանց թվի մեջ։ 2018 թվականի արդյունքներով (իհարկե, թվերը ռեկորդային չէին)՝ ԴՀԾ ղեկավարը վաստակել է 18,9 մլն ռուբլի, իսկ նրա կինը՝ 47,7 մլն։ Ընդ որում՝ ինտերնետի լայնություններում չհաջողվեց պարզել, թե ինչ է Միխայիլ Վլադիմիրովիչի կնոջ անունը։ Այնուամենայնիվ, «ԲԻԶՆԵՍ Online»-ի տեղեկատվությամբ՝ նա ապագա վարչապետի կինն է։ Ինքը՝ Միշուստինը, ըստ որոշ տվյալների, կիսով չափ հայ է։

Պետության ղեկավարի անսպասելի կադրային նշանակման առաջին ժամերից իսկ քիչ չեն խոսակցություններն այն մասին, թե որ կլանը կամ Կրեմլի որ խումբն է ներկայացնում Միշուստինը։ Հետաքրքիր է, որ տարբեր տարիների նրան կապել են տարբեր հովանավորների հետ։ 90-ականների վերջին նա Ֆյոդորովն էր, զրոյականների կեսին՝ Նարիշկինը, իսկ ԴՀԾ-ն Միխայիլ Վլադիմիրովիչը ղեկավարել է իբր Կուդրինի փոխանցմամբ, ԲԿՄԱ-ում շփվում է դիտորդական խորհրդի նախագահ Իգոր Սեչինի, իսկ Գիշերային հոկեյի լիգայում խաղում է Գենադի Տիմչենկոյի հետ։ Պտտվում են նաեւ Կովալչուկ եղբայրների անունները։ Այնինչ, ազգանունների նման առատությունն ու բազմազանությունը ավելի շուտ վկայում են այն մասին, որ մեր հերոսը տիպիկ տեխնոկրատ է, առավելագույնս (որքան հնարավոր է) հավասար հեռու կամ հավասար մոտիկ տարբեր էլիտար կլաններին։ Միշուստինը Պուտինի զինվորն է, որը, ինչպես ասում են, չի ձգտել իր նոր պաշտոնին, բայց ջանադրաբար կկատարի իրեն առաջադրված խնդիրը։

Միեւնույն ժամանակ, կարելի է փաստել, որ Պուտինի հաջորդի հարցը կառավարության ղեկավարի նշանակմամբ ոչ մի կերպ չի լուծվել։ Միշուստինը վարչապետ-տեխնոկրատ է, որ կոչված է ապահովելու բեկում թվային տնտեսությունում, սոցիալական հարցերի լուծում եւ ազգային նախագծերի իրականացում։ Բայց ակնհայտ է, որ նա քաղաքական հավակնություններ չունի, դրա համար էլ տրանզիտ-2024-ը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի իշխանական այլ ինստիտուտների միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ