News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել են երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն եւ Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Վարակվածը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նա ընկերոջ հետ միասին անձնական գործով մեկ շաբաթ ճանապարհորդել է Իրանում։ Երեկ տղամարդը Ադրբեջանով վերադարձել է Վրաստան, եւ սահմանին նրա մոտ հայտնաբերվել են ախտանշանները։ Ներկայում տղամարդը կարանտինի մեջ է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ընդ որում, նա կլինիկա է փոխադրվել ռեանիմոբիլով եւ չի շփվել այլ մարդկանց հետ։ Ստուգվել է նաեւ նրան ուղեկցող ընկերը, սակայն նրա մոտ կորոնավիրուսի վարակը չի հաստատվել։

«Մեզ մոտ խուճապ չկա, քանի որ նախաձեռնում ենք բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանում համաճարակ չլինի»,- ընդգծել է Տիկարաձեն, որը ճեպազրույցից առաջ հանդիպել էր վարչապետի հետ։ Նախարարը նաեւ հայտնել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ երկու շաբաթով կփակվի Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանը։

Գամկրելիձեի խոսքերով՝ պացիենտի ընդհանուր վիճակը նորմալ է, նրա մոտ չկան կլինիկական դրսեւորումներ եւ բարձր ջերմություն։ Նա նաեւ ընդգծել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանը լիովին պատրաստ է համաճարակին դիմադրել, եւ կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել։

Գամկրելիձեն նաեւ հայտնել է, որ տղամարդը Ադրբեջանից եկել է երթուղային տաքսիով։ Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունները արդեն սկսել են ուսումնասիրել վարակվածի տեղաշարժման երթուղին, որպեսզի պարզեն բոլոր հնարավոր շփումները։ Նաեւ Վրաստանում վարակման առաջին դեպքի մասին կտեղեկացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Տիկարաձեն հայտնել է, որ այդ մարդը զննվել է ցամաքային սահմանի մաքսակետում, ամբողջովին դրան պատրաստ մաքսային ծառայողի կողմից։ Նախարարն ընդգծել է, որ դա նվազեցնում է վարակի հնարավորությունը, սակայն մաքսատան աշխատակիցները, որոնք շփվել են վարակվածի հետ, նույնպես կարանտինի կենթարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ