News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական գերակայություն ապահովող մարմնի՝ Սահմանադրական դատարանի շուրջ տարեսկզբին նոր թափ առած ճնշումները և երկրում հայտարարված արտակարգ դրությունը չեն խաթարել բարձր դատարանի աշխատանքը։ Միայն 2020թ. առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության, նախագահի, դատարանների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան է մուտքագրվել 62 դիմում։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ՍԴ–ից տեղեկացրին, որ դիմումներից 38–ով կայացվել են որոշումներ գործը քննության ընդունելու, 18–ով՝ գործի քննության ընդունումը մերժելու մասին։ Տարեսկզբից Սահմանադրական դատարանի կողմից կայացվել է ըստ էության 28 որոշում, իսկ երկու գործով էլ կայացվել են գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ աշխատակարգային որոշումներ։

Նշենք, որ նախորդ տարի Սահմանադրական դատարան էր մուտքագրվել սահմանադրաիրավական խնդիր բովանդակող 248 դիմում, որոնցից միայն 41-ը ստացվել էր կառավարությունից։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու «Իմ քայլը» իշխող խմբակցությունը վիճարկում են Սահմանադրական դատարանի և նրա անդամների լեգիտիմությունը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 5 –ին, սակայն մարտի 16–ին հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեի անցկացումը անժամկետ հետաձգվեց։ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ