Ճանապարհների խնդիրը Երեւանում բազմակողմ է, բայց կա մեկ ընդհանուր կանոն բոլոր ժամանակների համար. եթե ինչ-որ բան փորվել է, այդպես էլ մնում է շատ երկար ժամանակ։

Պատճառների մասին կարելի է կռահել. ասֆալտը եւ մյուս նյութերը կարելի է դուրս գրել, աշխատանքները ձեւակերպել թղթի վրա, իսկ փողերը՝ գրպանել։ Իշխանափոխությամբ ճանապարհային աշխատանքների ժամանակ փչացված ճանապարհահատվածի օպերատիվ շտկման հարցում ոչինչ չի փոխվել, մարդիկ ինչպես սովոր են բարձիթողի աշխատել, այդպես էլ շարունակում են։

NEWS.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել էր նման մի օրինակի մասին։ Անցել է մեկ շաբաթ, որեւէ բան չի փոխվել։

Ահա արդեն մի քանի օր է՝ բուռն աշխատանքներ են իրականացվում «Սիթի» սուպերմարքեթի խաչմերուկում (Ծերեթելի փողոց)։ Առաջին շարքը սկզբում ավտոկայանատեղի էր, որը մի ծայրով հատվում էր խաչմերուկին (!)։ Երկրորդ շարքը մեկ շաբաթ է՝ փորված է։ Այսօր այն «նորոգել» են, վերը նշված «բաղադրատոմսով՝ լցրել ու ձեւ են արել, թե ասֆալտապատել են։ Փաստացի եռաշերտից փողոցը վերածվել է միաշերտի, եւ սա՝ սեկցիայի առկայության պայմաններում։ Փոսերը ստեղծում են բոլոր պայմանները խցանումների եւ ՃՏՊ-երի համար։ Բայց ոչ ճանապարհային ոստիկանությունը, ոչ քաղաքային կամ համայնքային իշխանությունները սա համառորեն չեն տեսնում։ Ուզում ենք հուսալ, որ քաղաքապետարանը, հաջող արշավ իրականացնելով ապօրինի սարքված տաղավարների դեմ, վերջապես կզբաղվի ճանապարհների վիճակով։