News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ կմնա Աֆղանստանից հեռանալ ցանկացող ԱՄՆ քաղաքացիների դուրսբերմանը: Ըստ գնահատականների՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում մնացել է մինչեւ 200 ամերիկացի:

«Եզրակացություն. Աֆղանստանում գտնվող ամերիկացիների 90 տոկոսը, ովքեր ցանկանում էին հեռանալ, կարողացել են հեռանալ: Իսկ մնացած ամերիկացիների համար վերջնաժամկետ չկա: Մենք դեռ ձգտում ենք նրանց դուրս բերել, եթե նրանք ցանկանան հեռանալ»,- ասել է Բայդենը:

Բայդենի վարչակազմը կարծում է, որ 100-200 ամերիկացիներ դեռեւս գտնվում են Աֆղանստանում եւ «հեռանալու որոշ մտադրություններ» ունեն: Նախագահը նշել է, որ գրեթե 5500 ԱՄՆ քաղաքացիներ, ովքեր դուրս են բերվել երկրից վերջին շաբաթների ընթացքում այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների եւ մայրաքաղաք Քաբուլի վրա:

«Ինչ վերաբերում է աֆղանցիներին, ապա մենք եւ մեր գործընկերները 100 000 մարդու ենք տեղափոխել»,- հավելել է Բայդենը: «Պատմության մեջ ոչ մի երկիր մեկ այլ երկրի բնակիչների տեղափոխման համար ավելի շատ բան չի արել, քան մենք: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի օգնենք առավել մեծ վտանգի ենթարկված մարդկանց լքել երկիրը»:

Նրա խոսքով՝ «այլ երկրներ վերակառուցելու» համար ԱՄՆ-ի ռազմական խոշոր տեղակայումների դարաշրջանն ավարտվեց:

«Ահաբեկչության սպառնալիքը դեռ կործանարար է, սակայն այն փոխվել եւ տարածվել է այլ երկրներում»,- ասել է Բայդենը: «Մեր ռազմավարությունը նույնպես պետք է փոխվի»: «Ես չեմ հավատում, որ Ամերիկայի անվտանգությունը կմեծանա հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման եւ Աֆղանստանում տարեկան միլիարդավոր դոլարներ ծախսելով»:

«Աֆղանստանում պատերազմն ավարտված է: Ես չորրորդ նախագահն եմ, ով բախվել է այս խնդրին, թե արդյոք անհրաժեշտ է եւ երբ պետք է ավարտել այս պատերազմը: Ես հրաժարվեցի ամերիկացի որդիների եւ դուստրերի եւս մեկ սերունդ ուղարկել պատերազմ, որը պետք է վաղուց ավարտված լիներ: Դա ընտրություն էր, իսկական ընտրություն հեռանալու կամ էսկալացիայի միջեւ: Ես չէի պատրաստվում երկարաձգել այս հավերժական պատերազմը»,- ասել է Բայդենը՝ վերջին շաբաթների ընթացքում Աֆղանստանից ավելի քան 120 000 մարդու տարհանման առաքելությունը «արտակարգ հաջողություն» անվանելով:

«Աֆղանստանի վերաբերյալ որոշումը պարզապես Աֆղանստանի մասին չէ: Խոսքն այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական օպերացիաների դարաշրջանի ավարտի մասին է»,- ասել է Բայդենը NBC հեռուստաալիքով հեռարձակվող ժողովրդին ուղղված ուղերձում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ նոր մարտահրավերների վրա, այդ թվում`Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված:

«Աշխարհը փոխվում է: Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, մենք մարտահրավերների ենք բախվում բազմաթիվ ճակատներում Ռուսաստանի կողմից, մենք բախվում ենք կիբեր սպառնալիքների եւ միջուկային տարածման խնդրին»,- պարզաբանեց Բայդենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ