ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները սովորական բնույթի են և կապ չունեն Երևանի և Բաքվի միջև լարվածության հետ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Մեկնաբանելով զորավարժություններին Մոսկվայի արձագանքը՝ նա նշել է. «Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր հարևանների տարածք, պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցների մասին դասախոսություններից»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցում է 2003 թվականից։ Վերջին վարժությունները նա անվանել է «հերթական վարժություններ, որոնք ոչ մի կերպ կապված չեն որևէ այլ իրադարձությունների հետ»,- ասաց նա։

Նշենք, որ «Արծիվ գործընկեր-2023» 10-օրյա զորավարժություններին մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ։ Զորավարժությունների նպատակն է նախապատրաստել հայ զինվորականներին միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Դրանք տեղի են ունենում մայրաքաղաք Երևանի մերձակայքում գտնվող երկու մարզադաշտերում։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զորավարժություններն անհանգստություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում։ Պեսկովի խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։