Հրազդանի «Արմֆուդ» փոքր ձեռնարկության սեփականատեր Բորիս Սողոմոնյանը բաց նամակ է ուղարկել լրատվամիջոցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրամ Բախչագուլյանին մեղադրելով «շինծու գործ» բացելու մեջ:
«Նոյեմբերի սկզբին, Բախչագուլյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսից մեկ օր առաջ, իբր այս ընկերության արտադրած կաթում ստաֆիլակոկ, իսկ ապա աղիքային ցուպիկի խումբ էր հայտնաբերվել: Մինչեւ օրս Բախչագուլյանի ղեկավարած մարմինը թաքցնում է լաբորատոր հետազոտության ակտը եւ չի պարզաբանել, թե հատկապես ո՞վ է այդ կաթից տուժող անձը»,-նշված է նամակում:
Ըստ գործարարի` առկա է պաշտոնի չարաշահում, որը հարվածի տակ է դնում Հայաստանի մարզերում գործող փոքր ու միջին բիզնեսը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից NEWS.am-ին ասացին, որ «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ: Այս փաստը հիմք հանդիսացավ, որպեսզի նշված ընկերությունում անցկացվեն ստուգումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է, որ ընդունվող կաթը չի ուղեկցվել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությամբ: Արտադրամասը չի համապատասխանել սանիտարական կանոններին, ինչի պատճառով էլ չի պահպանվել արտադրական հոսքայնությունը: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2011թ. նոյեմբերի 9-ին որոշում է կայացվել «Էյ-Էս-Բի-Սոֆտ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը արգելելու մասին: Սույն որոշմամբ տնտեսվարողին տրվել է հանձնարարական՝ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները վերացնելու համար:




























