ԱՄՆ-ն դեռ հույս ունի, որ ուկրաինական պատերազմում լայնածավալ հրադադարը կարող է ձեռք բերվել շաբաթների ընթացքում, չնայած որ պատերազմող կողմերը շարունակում են հարձակումները և առաջիկա օրերին նախատեսված բանակցություններից առաջ հասկանալի դարձնում, որ Կրեմլը չի ​​շտապում համաձայնագիր կնքել, գրում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի տեղեկության համաձայն, Սպիտակ տունը ձգտում է հրադադարի համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, այդ օրն այս տարի համընկնում է թե՛ արևմտյան, թե՛ ուղղափառ եկեղեցիներում նշվող Սուրբ Զատկի տոնին։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ընդունում է, որ ժամկետները կարող են փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումներում առկա մեծ տարաձայնությունները, նշել են գործակալության աղբյուրները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի և նրա ռուսաստանցի և ուկրաինացի գործընկերների հեռախոսազրույցներից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել էներգետիկ օբյեկտներին չհարվածելու 30-օրյա ժամկետի մասին։