Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին այսօր բանակցություններ է վարել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և առանձին զրուցել է Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Շեհբազ Շարիֆի հետ, հայտնում է CNN-ը։

Գրեթե նույնական հայտարարություններում Ալ Թանին արտահայտել է Կատարի «խոր մտահոգությունը» իրավիճակի առնչությամբ և վերահաստատել է երկրի «լիակատար աջակցությունը բոլոր տարածաշրջանային և երկու երկրների միջև առկա չլուծված խնդիրները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջազգային ջանքերին»։

Դոհան վերջերս ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ։ Կատարը միջնորդներից մեկն էր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որոնք այս տարվա սկզբին հանգեցրին ժամանակավոր հրադադարի, դեր է խաղաել Ռուսաստանից ուկրաինացի երեխաների վերադարձին հանգեցրած քննարկումներում և նպաստել  Աֆղանստանում երկու տարուց ավելի կալանքի տակ անցկացրած ամերիկացի քաղաքացու ազատ արձակմանը։