News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միության 70 անդամներ լքել են կազմակերպությունը` դա պատճառաբանելով ԵԿՄ-ի քաղաքականացման հանգամանքով:

Նրանք նամակ են հղել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որում մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային բաժանմունքի մասին մամուլում հնչած տեսակետները, ստիպված ենք մի քանի պարզաբանումներ կատարել հայ մարդկանց, մեր Երկրապահ ընկերների եւ երկրի քաղակական կուսակցությունների ղեկավարների համար:

Երկրապահ կամավորականների միությունը ձեւավորվել է նորագույն զինյալ ազատագրական պայքարի ընթացքում, հաղթանակների, տոգորումների եւ զոհաբերությունների արդյունքում: Հայրենիքի կանչով եւ նախնիների խորհրդով մի քանի հազար հայ մարդ ոտքի ելան պաշտպանելու իրենց հայրենի բնօրրանի մի հատվածը: Իրենց բազկի եւ արյան գնով պաշտպանեցին եւ ազատագրեցին հայրենի հողը, կարողացան ապահովել Հայաստանի հանրապետության սահմանների պաշտպանությունը եւ Հայկական պետության խաղաղ զարգացումը:

Երկրապահ լինելը աշխարհընկալում է, ապրելաձեւ, որը նշանակում է ընտրել պետականությունը հզորացնելու ամենածանր մասնագիտությունը` ծառայել Հայրենիքին: Ոչ թե Հայրենիքն է անհատի համար, այլ` անհատը Հայրենիքի: Ծառայել անմնացորդ, առանց շահի եւ շնորհակալության ակնկալիքի: Պատերազմի ժամանակ ծառայել զենքով, իսկ խաղաղ պայմաներում կատարել պրոֆեսիոնալ ամենօրյա տքնաջան աշխատանք` հզորացնելով Հայրենիքը:

Ելնելով Հայաստանի հանրապետությունում վերջին տարիներին առկա քաղաքական լարվածությունից, խորհուրդ ենք տալիս մեզ չներքաշել խարդավանքների եւ դավադրությունների գործընթացների մեջ: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ արդեն իսկ 12 տարի է չենք զբաղվում քաղաքականությամբ: Չնայած բոլոր ընտրություններից հետո ստիպված ենք լինում դիմակայել տարաբնույթ խարդավանքների եւ դավադրությունների հետեւանքների վերացմանը:

Մենք ամենեւին ցանկություն չունենք մեր ընտանիքում առկա խնդիրները հանրության քննարկմանը ներկայացնելու, բայց միեւնույն ժամանակ չենք ցանկանում մեր նախկին ընկերների կողմից մեր բարի համբավը արատավորող հոդվածներին ծանոթանալ: Հայտնում ենք Ձեզ, որ երբեւէ չենք թերացել մեր պարտականությունները կատարել Հայրենիքի եւ մեր կազմակերպության հանդեպ, ուստի եւ հասկանալի չեն մեր նկատմամբ ԵԿՄ անունից տարբեր մարդկանց մեկնաբանությունները մամուլում եւ իրականացվող կադրային քաղաքականությունը:

Այսօր իրականացվող կադրային քաղաքականության արդյունքում ԵԿՄ-ին անդամագրվում են անհատներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր, Երկրապահների, անցած ուղու հետ, ավելին բացի քաղաքական խարդավանքների եւ դավադրությունների, սեփական կազմակերպություններին եւ սկզբունքներին դավաճանելուց, մեր երկիրը առեւտրային սեղանիկ տեսնելուց, մեզ փնովելուց եւ վարքաբեկելուց, իրենց մարտական հեքիաթասած ուղին պատմելուց, վերջին 15 տարում ոչնչով չեն զբաղվել: Ելնելով վերոնշյալից, լինելով առավել քան իրատեսական, ցանկություն չունենալով, որեւէ կերպ օժանդակել ԵԿՄ-ի պառակտմանը կամ հզորության կորստին, հոգու խորքում մնալով երկրապահ ցավով պետք է նշենք, որ ստիպված ենք կասեցնել մեր անդամակցությունը ԵԿՄ շարքերին, մինչեւ առաջացած խնդրի արդարացի, երկրապահին հարիր լուծում ստանալը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ