Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` ապրիլի 6-ին, Արմավիրի մարզում հանդիպել է համայնքների ղեկավարների ու գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գյուղնախարարությունից: «Այն, ինչ ունեցանք, աննախադեպ էր նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, ձեռք բերածով չպետք է սահմանափակվենք: Սա այն ոլորտն է, որտեղ երկարատեւ ներդրումներ են անհրաժեշտ: Հողերն ամբողջությամբ եւ երբեմն նպատակային չեն օգտագործվում: Եվ դրա համար պետական աջակցություն է պետք: Նախորդ տարի 19 հազար հեկտարով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Այս միտումը շարունակական է լինելու: Փորձելու ենք ամեն տարի 20–25 հազար հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»,- նշել է նա:
Անդրադառնալով գյուղմթերքի իրացման հարցերում գյուղացուն օժանդակելու խնդրին` նախարարը դրական է գնահատել նախորդ տարի մայրաքաղաքում բացված գյուղատնտեսական շուկայի գործունեությունը, որի ամենաակտիվ մասնակիցներից էին նաեւ Արմավիրի մարզի ֆերմերային տնտեսությունները: Այս տարի, ըստ նախարարի, մայրաքաղաքում, առանց վերավաճառների, նման 3 շուկաներ են գործելու:
Կառավարության կողմից գյուղացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերից նա առանձնացրել է նաեւ ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի եւ մատչելի գներով ազոտական պարարատանյութի ու դիզելային վառելիքի տրամադրումը:
«Այն մարզերին բաշխվում է ըստ ներկայացված հայտերի: Դրանով մենք կբավարարենք հանրապետության ողջ պահանջարկի ավելի քան 95 տոկոսը: Շուկայում նկատվող գների թանկացման ֆոնին կառավարության կողմից ցուցաբերվող նման օժանդակությունը զգալիորեն կթեթեւացնի գյուղացու հոգսը»,- նշեց նախարարը` հավելելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզն է ամենաշատը ստանում նշված պարարտանյութն ու դիզվառելիքը: Ի դեպ, նույնն է պատկերը նաեւ Եվրոպայից բարձր մթերատու երինջների ներկրման ծրագրի իրականացման ասպարեզում, ուր անցյալ տարի ներկրված 210 կենդանիներից 48-ը հատկացվել է Արմավիրի մարզին:




























