Հանրահայտ դաշնակահարուհի, 23-ամյա Նարե Արղամանյանը հերթական համերգաշարն է անցկացրել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պրահայում տպագրվող «Օրեր» ամսագրից: Այս անգամ թե մենահամերգներով, եւ թե տարբեր նվագախմբերի հետ նա  ելույթներ է ունեցել  Տորոնտո, Ալբանի, Սան-Անտոնիո,Լոս-Անջելես եւ Սան-Ֆրանցիսկո  քաղաքներում: Մարտի 31-ին Լոս-Անջելեսում կայացել է Նարեի դեբյուտը «Ambassador Auditorium» -ում. Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կատարել է  Մոցարտի թիվ 20 ռե-մինոր կոնցերտը: 

Նշենք, որ Նարե Արղամանյանը ուսանում է Վիեննայի երաժշտության եւ արվեստի համալսարանում, իր վարպետությունը կատարելագործում նաեւ  Հանովերի երաժշտական համալսարանում` պրոֆեսոր Արի Վարդիի մոտ: Նա  2008 թվականին արժանացել է Մոնրեալի երաժշտական մրցույթի Մեծ մրցանակին, հաղթել  միջազգային  այլ մրցույթներում, մասնակցել տարբեր փառատոնների, ելույթներ ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Բեռլինի, Համբուրգի, Ֆրանկֆուրտի, Հեսսենի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբերի ու այլ հանրաճանաչ կոլեկտիվների հետ: Պայմանագիր կնքելով «PentaTone» ձայնագրման ստուդիայի հետ` Նարեն մարտ ամսին թողարկել է իր երկրորդ ձայնասկավառակը, որում ընդգրկված են Ռախմանինովի ստեղծագործությունները, իսկ արդեն աշնանը  ունկնդրին հասու կլինի նաեւ նրա մյուս  CD-ն, որում Բեռլինի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի հետ  նա կատարելու է Լիստի ստեղծագործությունները: 2012 թվականին Նարե Արղամանյանը ելույթներ է ունենալու նաեւ Ճապոնիայում, Մալազիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ այլն: Հայ  հանդիսատեսը Նարեին կարող է ունկնդրել մայիսի 9-ին Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահում, որտեղ նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: