Եթե ձեր կյանքում կա ինչ-որ մի տղամարդ, ում դուք հավանում եք, սիրում եք, ապա մի ընկրկեք, մի երկչոտեք, ներխուժեք նրա կյանք, տեր եղեք ձեր երջանկությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Այդ խորհուրդը նա տվեց իր կյանքի փորձից. «Իմ փորձից եմ ասում, մինչեւ Յուրան գլխի ընկավ, ես իրեն զավթեցի»,- նշեց պատգամավորը:
Ասուլիսի ընթացքում բանախոս կանայք, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը անդրադարձան կնոջ ավանդական դերին, ընտրական ցուցակներին եւ կանանց դերին քաղաքականության մեջ:
Կարինե Աճեմյանը նշեց, որ այս գումարման ԱԺ-ում իրենց շարքերը կհամալրեն կանանցով եւ ավելի լավ կաշխատեն: Ռուզան Առաքելյանը եւս բարձր գնահատեց ՀՅԴ ցուցակում ընգրկված կանանց՝ նշելով, որ թեեւ նրանց ցանկում կան նաեւ հասարակությանն անհայտ անուններ, որոնց աշխատանքը սակայն կուսակցությունում տեսանելի է:
Անահիտ Բախշյանը զերծ մնաց իրենց կուսակցության կանանց մասին խոսելուց՝ մեկնաբանելով, որ նրանք այնքան ներկայանալի են, որ նրանց մասին որեւէ բան ասելով պարզապես կստվերի:
Կին բանախոսները նշեցին, որ կանայք լավ ղեկավար են՝ օրինակ բերելով կին համայնքապետների աշխատանքը եւ կեսկատակ-կեսլուրջ Անահիտ Բախշյանը կոչ արեց վարչապետ ու նախագահ նշանակել կանանց, որ երկրի վիճակը բարելավվի:
Բանախոսները շնորհավորեցին իգական սեռի ներկայացուցիչներին՝ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրա Բաշխյանի կինն է, ով սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:




























