«Չենք լռելու» նախաձեռնության տարածած «Ռազմական ոստիկանությունում զինվորին ծեծել են» հրապարակման հիման վրա, Հայաստանի ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:
ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել ինչպես մեկ այլ դեպքի կապակցությամբ՝ բացատրություններ տալու նպատակով ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժին 14.03.2012թ. ներկայացված «Արսեն»՝ նույն Արսեն Գեւորգյանն, այնպես ել նրա համածառայակիցները, որոնք ենթարկվել են նաեւ դատաբժշկական փորձաքննության:
Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ նրանց նկատմամբ որեւէ մեկի կողմից բռնություն չի գործադրվել, նրանք որեւէ մեկի կողմից ծեծի չեն ենթակվել: Ուստի մարտի 26-ին նյութերով որոշում է կայացվել ՀՀ քր. դատ. օր-ի 35 հոդ. 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Նշված որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը մարտի 16-ին հայտարարություն էր տարածել, որում նշված էր.
«Զորամասերից մեկում դեռեւս մեկ ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մի խումբ զինվորների բերման են ենթարկել Ռազմական ոստիկանություն եւ դաժան ծեծի ենթարկել:
«Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, այդ խուլիգանությանը անմիջական մասնակցություն են ունեցել Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սեւանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, հետ են տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ, պահանջելով որեւէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել»:




























