«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է Բնապահպանական կոնֆերանս, որին հրավիրվում են ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները եւ պետական մարմինները, ինչպես նաեւ Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:

«Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բնապահպանները որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:

Կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 10-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցում: