ՀՅԴ-ն պահանջում է չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Վուդրո Վիլսոնի 1920թ. արբիտրաժի օրինականությունը: Այդ մասին ասվում է կուսակցության ապրիլի 9-ին ներկայացրած նախընտրական ծրագրում:
Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի արբիտրաժը, որն այդպես էլ չիրագործվեց, Հայաստանի Հանրապետության տարածքում ներառել էր Արեւմտյան Հայաստանի մի շարք շրջաններ` նրան հատկացնելով շուրջ 104 հազար քկմ տարածք` ներկայիս 30 հազարի փոխարեն:
Ըստ ծրագրի, ղարաբաղյան հարցում Ադրբեջանին արվող փոխզիջումները չպետք է հակասեն 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքներին եւ Արցախի Սահմանադրությանը: Նրանք պետք է համարժեք լինեն Ադրբեջանի կողմից արված փոխզիջումներին: Ղարաբաղը պետք է դառնա հավասար իրավունքներ ունեցող բանակցային կողմ, իսկ Հայաստանը` նրա անվտանգության երաշխավորը: Բանակցություններում պետք է դրվի Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բռնություն չկիրառելու եռակողմ պայմանագրի հարցը:
Թուրքիայի հետ հարաբերություններում առավելագույնս պետք է հաշվի առնվեն հայ ժողովրդի շահերն ու սկզբունքները: Առաջարկվում է ակտիվ գործունեություն ծավալել Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրենքների ընդունման ուղղությամբ:
Հայ-թուրքական արձանագրությունների ներքո դրված հայկական կողմի ստորագրությունը պետք է հետ կանչվի:
Արտաքին դիվանագիտության մեջ անհրաժեշտ է հանդես գալ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցամաքային շրջափակումը վերացնելու սկզբունքներից` առանց նախապայմանների: Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հիմնական բաղադրիչներից է սահմանվում վրացահայերի իրավունքների եւ հնարավորությունների ապահովման կարեւորությունը, հատկապես հայաբնակ Ջավախքում:
Ադրբեջանի հետ հարաբերություններում եւս մեկ կարեւոր հարց կա` Նախիջեւանինը, որը նույնպես նախատեսվում է պահել ուշադրության կենտրոնում: «Քանի որ Նախիջեւանը կցվել է Ադրբեջանին, հասարակության մեջ պետք է պահվի նրա հայկական պատկանելության հստակ գիտակցությունը: Պետք է այդ հարցի միջազգային քննարկման համար նախապատրաստական աշխատանք տարվի», – ասվում է ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում:



























